ՄԻՊ-ն անթույլատրելի է համարում «Կենտրոն» ՀԸ նկարահանող խմբի անդամների նկատմամբ վերաբերմունքը


02:45 , 25 դեկտեմբեր, 2019

Operativ.am-ը գրում է.

Լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչնդոտելը կամ դրան ոչ իրավաչափ միջամտելն անթույլատրելի է՝ անկախ որևէ մեկի համակրանքից կամ հակակրանքից, նշված է այսօր՝ դեկտեմբերի 24-ին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տարածած հայտարարությունում։

«Լրագրողը կամ լրատվամիջոցի որևէ այլ ներկայացուցիչ պարզապես կատարում է իր մասնագիտական աշխատանքը։ Նրանք այդ կերպ ապահովում են մեզնից յուրաքանչյուրի, ողջ հանրության տեղեկացված լինելու իրավունքը: Նրանց այդ աշխատանքը պաշտպանված է մեր երկրի Սահմանադրությամբ ու օրենքներով»:

ՄԻ պաշտպանը խիստ դատապարտելի ու մտահոգիչ է համարում «Կենտրոն» հեռուստաընկերության լրատվական ծրագրի նկարահանող խմբի անդամների նկատմամբ այսօր արձանագրված վերաբերմունքը.

«Քաղաքացիական որևէ ակցիա իրականացնելիս կամ որևէ հարցի առնչությամբ բողոք արտահայտելիս պետք է գործել օրենքին հանահունչ, հարգել այլոց իրավունքներն ու արժանապատվությունը և չխոչընդոտել այլոց մասնագիտական աշխատանքը», նշված է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնի տարածած հաղորդագրությունում։