Քիչ առաջ Դիլիջանում կրակոցներ են հնչել


01:45 , 25 դեկտեմբեր, 2019

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Տավուշի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում «Դիլիջան» բժշկական կենտրոնից ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, որը, գիտակցության չգալով, մահացել է։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը Դիլիջան քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Մեսրոպ Խառատյանն էր։

Աղբյուրի տեղեկություններով՝ սպանվածը մի քանի անգամ եղել է դատապարտված և վերջերս էր ազատվել։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին և հանցագործության գործիք զենքը հայտնաբերելու ուղղությամբ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ սպանությունը տեղի է ունեցել Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոցի «Քարահունջ» հացատան դիմաց, դեպքի վայրում էլ հայտնաբերվել է ինքնաձիգից արձակված մի քանի պարկուճ։

Սպանության վայրում ուժեղացված ծառայություն են կատարում։