Մի գնեք այդ չարաբաստիկ պայթուցիկները. վիրաբույժ


15:03 , 24 դեկտեմբեր, 2019

Panorama.am-ը գրում է.

Չնայած նախազգուշացումներին, ամեն տարի տոների ժամանակ պայթուցիկների և հրավառության համար նախատեսված  նյութերի հետ անվտանգության կանոնները չպահպանելու հետևանքով տասնյակից ավելի դժբախտ դեպքեր են գրանցվում:  Շատերը, այդ թվում՝ անչափահասները, փորձում են ճայթուկների ու հրավառությունների միջոցով տոնական տրամադրություն ապահովել, մինչդեռ երբեմն հակառակ արդյունքն է լինում։

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբույժ Արթուր Հարությունյանը հորդորում է ծնողներին՝ Ամանորին ընդառաջ հնարավորինս զերծ պահել երեխաներին պայթուցիկների հետ շփումից:

Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում վիրաբույժն ասում է, որ ամեն տարի դեկտեմբերի 20-ից սկսած պայթուցիկների պատճառով լուրջ վնասվածքներով դեպքեր են ունենում, սակայն այս անգամ առաջին դեպքը գրանցվել է ավելի շուտ՝ դեկտեմբերի 2-ին։ Տուժածը 10-ամյա Գարուշն էր, որ դպրոցից տուն վերադառնալիս պայթուցիկ է գնել, բերել տուն ու հենց տանն էլ վառել այն։ Պայթուցիկը տրաքել է հենց ձեռքի մեջ, վնասել նրա  աջ ձեռքի երեք մատները. բութն ու ցուցամատն  ամպուտացրել են, միջնամատը հաջողվել է փրկել։

Վիրաբույժի խոսքով՝ ցանկացած պայթուցիկ վտանգավոր է, առավել վտանգավոր է, երբ այն անորակ է և չեն պահպանվում անվտանգության կանոնները, հաճախ այն ձեռքին պահած են վառում, ինչն էլ անդառնալի հետևանքներ է ունենում։

«Երեխաների մոտ միշտ վնասվածքն ավելի մեծ է լինում, քանի որ նրանց ձեռքը փոքր է, նուրբ ու փխրուն, ոսկորերն էլ ամուր չեն, իսկ մեծահասակների մոտ հնարավոր է լուրջ վնասվածք չլինի, իսկ նույն պայթուցիկից երեխան կարող է կորցնել մատները»,- ասում է Արթուր Հարությունյանը։ 

Վիրաբույժը խոստովանում է՝ Ամանորի գիշերը երբեք ալկոհոլ  չի օգտագործում, քանի որ ամեն վայրկյան կարող է  հիվանդանոցից կկանչեն. «Ամեն տարի ամանորն անցկացնում ենք հիվանդանոցում։ Տարիներ առաջ դեկտեմբերի 31-ի գիշերը գնացել ենք հիվանդանոց, իսկ տուն վերադարձել միայն հունվարի 2-ին։ Այդ ժամանակ  երկու օրում 7 դեպք են ունեցել»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: