Սյունիքում 20-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում Volkswagen-ով մոտ 100 մետր գլորվելով գլխիվայր հայտնվել է ձորում. կան վիրավորներ


11:52 , 22 դեկտեմբեր, 2019

Shamshyan.com-ը գրում է․

Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 04։10-ի սահմաններում Գորիսի բնակիչ՝ 20-ամյա Տիգրան Տիգրանյանը իր վարած Volkswagen Vento մակնիշի 32 ԼՍ 646 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գորիս ավտոճանապարհի 233 կմ հատվածում ձախ շրջադարձ կատարելու ժամանակ կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մոտ 100 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել ձորում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Տ. Տիգրանյանն ու նրա ուղևորներ՝ Գորիսի բնակիչներ, 23-ամյա Էդիկ Մաշուրյանը և 21-ամյա Հարութ Յոլյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Սուրեն Վարդանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: