Forbes-ը կազմել է տարվա ամենահաջողակ և «աղքատացած» միլիարդատերերի ցանկը


17:00 , 21 դեկտեմբեր, 2019

Forbes-ը հրապարակել է անցնող տարվա ֆինանսական առումով ամենահաջողակ և ամենից շատ միջոցներ կորցրած միլիարդատերերի ցանկը։

Այս տարի ամենից շատ վաստակել է Բերնար Արնոն, ֆրանսիական LVMH կորպորացիայի նախագահը, որի տնօրինության տակ են Givenchy Christian Dior, Louis Vuitton բրենդերը։ Ինչպես հայտնում է Forbes-ը, երրորդ ամենահարուստ մարդու կարողությունն այս տարվա ընթացքում ավելացել է 40 միլիարդ դոլարով։

Ցուցակում երկրորդ տեղը գրավել է Facebook ընկերության սեփականատեր Մարկ Ցուքերբերգը, որը այս տարի հարստացել է 22 միլիարդով։ Վարկանիշային աղյուսակում երրորդը Zara բրենդի սեփականատեր Ամանսիո Օրտեգան է՝ 17,3 միլիարդ համապատասխան ցուցանիշով։

«Անհաջողակների» ցանկում, 2019-ի արդյունքների համաձայն, ընդգրկվել են հնդիկ գործարար Ազիմ Փրեմժին (կարողությունը պակասել է 14,1 միլիարդ դոլարով), Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը (13.1 միլիարդի նվազումով), ինչպես նաև Essel Group-ի նախագահ Սուբհաս Չանդրան (3,4 միլիարդ նվազումով)։