09:46 , 9 հուլիս, 2013
mardik.am-ը գրում է.
Ռեժիսոր Արշակ Զաքարյանի երեքրոպեանոց ֆիլմը` «Բոյկոտ- մի հարստացրեք մեր թշնամուն» արդեն ներկայացվել է հանրությանը: Այդ մասին պատմեց ռեժիսորը mardik.am-ի հետ զրույցում. «Ֆիլմը մեծ աղմուկ է հանել նաև Ադրբեջանում և Թուրքիայում: Թուրքերն ու ադրբեջանցիները փորձում էին ֆիլմը արգելափակել յութուբում, սակայն մեր լավ հայրենակիցներն այնքան արագ այն տարածեցին, որ դա անհնար դարձավ, իսկ այ մեր թուրքամետ հասարակությունը ինձ շատ բարկացրեց իրենց անհիմն, անգրագետ ու հայատյաց մեկնաբանություններով »,-զայրացած ասաց ռեժիսորը: Ռեժիսորը կոչ է անում չօգտվել թուրքական ապրանքներից և օգտվել միայն հայրենական արտադրությունից: Այս ֆիլմի նպատակն է խրախուսել տեղական արտադրանքը և կոչ` սկսել տեղական արտադրություն բոլոր ոլորտներում: «Նման ֆիլմ նկարահանելու մասին վաղուց էի մտածում: Պահն արդեն 100 տարի է, ինչ հասունացել էր, ուղղակի չունեի հնարավորություն այն իրականացնելու: Ֆիլմի դուրս գալուց հետո շատ ուրախ եմ, որ շատերը սկսեցին խոսել խնդրի մասին նույնիսկ ամենաբարձր ատյաններում»,- պատմեց ռեժիսորը:
Ի դեպ, ֆիլմի սկզբում հնչում է ՀՀԿ գործարար Սամվել Ալեքսանյանին փառաբանող հայտնի նախադասությունը`նա Հիսուսից հետո երկրորդ մարդն է: «Դա մեր մեջ օր օրի շատացող չարչի տեսակի պատկերումն է: Այդ նախադասությունը կոնկրետ Սամվել Ալեքսանյանի մասին չի հնչում, այլ հենց այն մարդկանց, ովքեր 5000 դրամով պատրաստ են ծախել իրենց ձայները, պատիվը և կախված գնից` երևի ամեն ինչ: Սամվել Ալեքսանյանին չէ, ում ուզում է լինի, եթե մարդ ունակ է գումարի կամ շահի դիմաց Հիսուսին հավասարեցնել որևէ մեկին, նա ինձ համար ծաղրուծանակի առարկա է: Ես խղճում եմ նման մարդկանց, որովհետև, ինչպես Հիսուսն է ասել, իրենք չգիտեն, թե ինչ են անում»,- մանրամասնեց ռեժիսորը:
Արշակ Զաքարյանը չի պատրաստվում ֆիլմը որևէ փառատոնի ներկայացնել: «Սա զուտ արված է մարդկանց, իմ հայրենակիցներին զգոնացնելու, ևս մեկ անգամ հիշեցնելու, թե ում հետ գործ ունենք, ում ենք հարստացնում, ում ենք դրանով վնասում:
ԱՄՆ-ից Արման Գրիգորյանը, ով գլխավոր հովանավորն է և ֆիլմի 50% սեփականատերը նույնպես կողմ է, որ այն առանց որևէ պայմանի հնարավորինս շատ տարածվի մեր հայրենակիցների մեջ»,- եզրափակեց զրուցակիցս: