ՅՈՒՆԻՍԵՖ-ը հրապարակել է տարվա լավագույն լուսանկարները


23:00 , 20 դեկտեմբեր, 2019

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը հայտարարել է 2019-ի «Տարվա լուսանկար» ամենամյա մրցույթի հաղթողին: Լուսանկարներն ու դրանց մասին տեղեկատվությունը հայտնվել են ՅՈՒՆԻՍԵՖ-ի պաշտոնական կայքում:

Առաջին տեղում է գերմանացի լուսանկարիչ Հարթմութ Շվարցբախի աշխատանքը: Այն պատկերում է 13-ամյա ֆիլիպինացի դեռահասի, որը պլաստիկ թափոններ է հավաքում Մանիլայի ծովածոցում:

Նշվում է, որ լուսանկարը ցուցադրում է մեր ժամանակի երեք ողբերգությունները՝ աղքատություն, շրջակա միջավայրի աղտոտում և երեխաների աշխատանք:

Երկրորդ տեղը զբաղեցնում է ավստրալացի Էնդրյու Քուիլթին. լուսանկարում պատկերված են յոթ աֆղանացի երեխաներ, որոնք ծանր վիրավորվել են ռումբի պայթյունի հետևանքով:

Երրորդ հորիզոնականում իսպանացի լուսանկարիչ Անտոնիո Արագոն Ռենունցիոն է՝ ոսկի որոնող երեխաների լուսանկարով:

Կայքում հրապարակված մրցույթին մասնակցող բոլոր լուսանկարներում ցուցադրվում է երեխաների տառապանքն ու ծանր աշխատանքն ամբողջ աշխարհում: