Windows 10-ում կրկին վերականգնել են անջնջելի գովազդը


00:00 , 19 դեկտեմբեր, 2019

Microsoft-ը վերադարձրել է Windows 10-ում գովազդային բաններները։ Խնդրին ուշադրություն դարձրած Mspoweruser պարբերականը նկատել է, որ դրանք հնարավոր չէ հեռացնել։

Microsoft-ի կամ նրա գործընկերների ապրանքների առաջարկներով բաններները հայտնվել են «Օրացույց» և «Փոստ» հավելվածներում։ Լրագրողների դիտողությանն ի պատասխան, կորպորացիայում ընդգծել են, որ գովազդը երևում է Windows10 համակարգի բոլոր օգտատերերին և այն հնարավոր չէ ջնջել։

Փորձագետները հայտարարել են, որ ներդրված գովազդը շեղում է օգտատերերին և երբեմն բավական տեղ է գրավում տվյալ ծրագրի պատուհանում։

Նշվում է, որ առաջին անգամ Microsoft-ում բաններները հայտնվել են 2018 թվականի նոյեմբերին․ Microsoft-ն այդ որոշումը փորձարկում էր անվանել։ Այն ժամանակ գովազդը երևում էր միայն այն օգտատերերի մոտ, որոնք չունեին Office 365 փաթեթի վճարովի լիցենզիան կամ ծրագրի կեղծված տարբերակից էին օգտվում։