Ռուսաստանից հետո արդեն ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրորդ երկիրը ողջունում է միջհամայնքային մոտեցումը բանակցային գործընթացում


12:12 , 18 դեկտեմբեր, 2019

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանն այցելում է, այսպես կոչված, «ԼՂ ադրբեջանական համայնքի» գրասենյակ և դրանից հետո ողջունում համայնքների միջև բանակցությունների և խաղաղ երկխոսության վերաբերյալ այդ միավորի դիրքորոշումը:

Սա կարելի կլիներ անտեսել, եթե խոսքը չլիներ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրի դեսպանի մասին, և եթե վերջինս հատուկ չշեշտադրեր բանակցային գործընթացի վերաբերյալ այդ մտացածին միավորի դիրքորոշումը:

Ստացվում է, որ Ռուսաստանից հետո արդեն ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրորդ երկիրը ողջունում է միջհամայնքային մոտեցումը բանակցային գործընթացում: Երևի ավելորդ է ասել, որ սա բանակցային ձևաչափի խիստ անցանկալի փոփոխության և Արցախի սուբյեկտայնությանը հերթական հարվածի լուրջ մարտահրավեր է:

Ադրբեջանն ամեն ինչ անում է իր համար այդքան ցանկալի միջհամայնքային մոտեցումն ակտուալ դարձնելու համար, և ակնհայտորեն դա աստիճանաբար միջնորդների համար ընկալելի և ընդունելի է դառնում:

Սա պետք է լուրջ հակազդեցություն ստանա:

Հ.Գ. Նախկինում Գյանջալին էլի հանդիպում ունեցել է Ֆրանսիայի դեսպանի հետ, բայց ոչ թե իրենց գրասենյակում, այլ Ֆրանսիայի դեսպանատանը, և նման հայտարարություններ էլ Ֆրանսիայի կողմից չեն հնչել: