Անդրանիկ Քոչարյանը պատասխանել է Ռուբեն Հայրապետյանին


13:50 , 14 դեկտեմբեր, 2019

Ռուբեն Հայրապետյան,

Նախկին ընկերներն այլևս ընդհանուր ընկերներ չեն կարող ունենալ: Դուք Ձեր շրջապատն ու ընկերներին ընտրել եք դեռևս 2008-ի մարտի 1-ից հետո և շարունակաբար հանդես եք եկել այդ շրջապատի շահերի սպասարկուի դերակատարմամբ: Այս դեպքը ևս բացառություն չէ. հերթական անգամ «սիրելի ընկերներին» հաճոյանալով` փորձում եք Ձեզ անվերապահորեն ծառայություններ մատուցող լրատվականներով տարածել դատարկ կեղծիքներ:
Հավանաբար, Ձեր զառանցանքների պատճառն այն է, որ ոստիկանությունը Ձեր բնակարան չափից դուրս «շնորհքով է ներխուժել», չնայած դուք վաղուց ի վեր այդ մեծահոգությանը արժանի չեք, հակառակ դեպքում հիմա որևէ հնարավորություն չէիք ունենա դատարկաբանելու:

Դուք մշտապես Ձեր անձնական շահի թելադրանքով ջանք չեք խնայել «ընկերություն» առաջարկելու տվյալ պահի իշխանություններին:

Ասեմ ավելին՝ նախաքննության ընթացքում դեռ առիթ կունենաք ասելու, թե ով է այդ «ընդհանուր ընկերը», որ ձեզ նման բան է «փոխանցել», դա էլ՝ այն դեպքում, երբ, չխախտելով գործի ընթացակարգը, Ձեզ ինչ-որ բանում նախազգուշացնել կարող է միայն գործի վարույթը իրականացնող մարմինը:

Այնպես որ, հանգիստ նստեք Ձեր տեղը և հնարավորության դեպքում վերընթերցեք ժամանակին Ձեր և Սերժ Սարգսյանի փոխհարաբերությունների վերաբերյալ գրված հոդվածները, իսկ ես Ձեզ վստահեցնում եմ` հետագայում Դուք անսահմանափակ ժամանակ կունենաք արժեքավոր ընթերցանությամբ զբաղվելու:

Հարգանքով` Ձեր բնորոշմամբ նախկին ընկեր` Անդրանիկ Քոչարյան