«Առանց երևակայության հոգին նույնն է, ինչ աստղադիտարանը առանց հեռադիտակի». Վիկտոր Համբարձումյանի 10 մտքերը, որոնք կօգնեն ձեզ հպվել տիեզերքին


18:30 , 14 դեկտեմբեր, 2019

Վիկտոր Համբարձումյան՝ հանճարեղ երազող, ում անսահման երևակայությունը մեզ բոլորիս ավելի մոտ դարձրեց տիեզերքին ու թույլ տվեց հավատալ գիտության ամենակարող ձեռքին։ Վիկտոր Համբարձումյանը հավատում էր, որ մարդկային երևակայությունն իր անսահմանությամբ կարող է նվաճել անգամ տիեզերական անհունները։ Առաջարկում ենք ծանոթանալ նրա հանճարեղ 10 մտքերին, որոնք կօգնեն ձեզ մի քիչ ավել հպվել տիեզերքին։ 

1. Առանց երևակայության հոգին նույնն է, ինչ աստղադիտարանը առանց հեռադիտակի։ 

2. Կտակում եմ ինձ հաջորդող սերունդներին, թոռներիս, ծոռներիս տիրապետել հայոց լեզվին։ Ամեն մեկը պետք է իր պարտքը համարի ուսումնասիրել հայոց լեզուն, գրագետ լինի հայերենից։

3. Մենք փոխանցում ենք սերունդներին ոչ թե արյուն, այլ գաղափարներ, և այդ գաղափարների մեջ ինձ համար ամենաթանկը հայոց լեզուն է։ Յուրաքանչյուր սերունդ պարտավոր է սովորեցնել հաջորդին հայոց լեզուն։

4. Ամեն ոք նախ և առաջ պետք է լինի համեստ: Համեստությունն է մարդուն երջանիկ դարձնում: 

5. Մարդու բանականության ուժը անսահման է:

6. Առայժմ մարդը չի կարող ապրել տիեզերքում: Եվ դա շատ լավ է:

7. Կարծում եմ՝ աստիճանաբար մարդու բանականության ուժը կհզորանա: Այդ դեպքում կարևոր կդառնա, թե մարդկությունն ինչպես կվերաբերվի այլ քաղաքակրթությունների հետ, որոնք անպայման գոյություն ունեն տիեզերքում:

8. Եթե մահկանացուն հասկանում է բնական երևույթները, մահվան անխուսափելիությունը, նա սկզբից ևեթ պետք է հաշտվի ու չվախենա մահից: Դա է հավերժի օրենքը: 

9. Ես ինձ այնքան էլ մեծ մարդ չեմ համարում, ուստի այդ մասին չեմ էլ մտածում: Մարդը չպետք է մեծ նշանակություն տա իր անձին: Գլխավորը գործն է:

10. Առանց մեծերի դժվար է, առանց հույսի՝ անհնար։