Սեփական ձախողումը արդարացնելու համար միշտ էլ պետք է թշնամիներ ստեղծել և նրանց դեմ պայքարել. Արթուր Խաչատրյանը՝ վարչապետի՝ «պետական ողջ ապարատը դիմադրում է հեղափոխությանը» հայտարարության մասին


23:02 , 13 դեկտեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

Ես պետական ապարատից հեռացել եմ 2018-ի հոկտեմբերի 2-ին, այդ օրվա դրությամբ գոնե գյուղնախարարության կտրվածքով կարող եմ ասել, որ որևէ մեկը հեղափոխության դեմ չէր պայքարում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե պետական ամբողջ համակարգը դիմադրում է հեղափոխությանը, և նա ամեն ինչ անելու է՝ այդ դիմադրությունը ջարդելու համար:

«Եթե մարդկանց առջև դնում ես ճիշտ խնդիրներ և կարող ես մարդկանց հետ ճիշտ աշխատել ու ներգրավվել խնդիրների լուծման մեջ, ապա պետական ապարատը կարող է արդյունք ցույց տալ»,- շեշտեց նա:

Իսկ թե ինչի համար են ամեն օր նոր մեղավորներ ի հայտ գալիս, հեղափոխության դեմ  նոր պայքարողներ փնտրվում, Խաչատրյանն ասաց. «Ցանկացած հեղափոխությունից հետո այդպես էլ լինում է: Օրինակ՝ բոլշևիկյան հեղափոխությունը. անընդհատ գտնում էին հակահեղափոխականներ, կուլակներ, ժողովրդի թշնամիներ: Սեփական ձախողումն արդարացնելու համար միշտ էլ պետք է թշնամիներ ստեղծել և թշնամիների դեմ պայքարել»:

Ըստ բանախոսի՝ հայտարարության մյուս խնդիրն այն է, որ սրանով հիմք է դրվում պետական ապարատում էական կրճատումներ սկսելուն: «Նախորդ փուլում  նախարարությունները միավորվեցին և մի քանի աշխատողներ կրճատվեցին, բայց չմոռանանք, որ անցած տարի խոսում էին հարյուր հազարավոր «ձրիակեր» մարդկանց մասին, որոնք նստած են հարկատուների ուսերին: Այս հայտարարությամբ, կարծում եմ, ցավոք սրտի, հող է  նախապատրաստվում հետագա կրճատումների համար»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ