Իշխանությունները պետք է նկատի ունենան Ժողովրդի ամենաբարձր վստահությունը վայելող ՍԴ-ի մասին IRI-ի զեկույցը և փոխեն իրենց գործելակերպը ՍԴ-ի նկատմամբ. սա նրբանկատորեն արված ազդակ է. Լարիսա Ալավերդյան


18:13 , 12 դեկտեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտի հրապարակած զեկույցով արձանագրվում է, որ իրավապահ մարմիններից ժողովրդի ամենաբարձր վստահությունը վայելում է ՍԴ-ն: Լավ կլիներ, որ իշխանությունները նկատի ունենան սա և փոխեն իրենց գործելակերպը Սահմանադրական դատարանի նկատմամբ, քանի դեռ ուշ չէ:  Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:

«Իշխանությունը լավ կաներ դա ընկալեր որպես վերին աստիճանի նրբանկատորեն արված ազդակ, որ այդպես չեն հասնում անկախ Սահմանադրական դատարան ունենալու՝ հռչակված նպատակին: Հակառակը, հիմա ստեղծվել է մի իրավիճակ, որ ՍԴ դատավորներն էլ, նախագահն էլ ընտրվել են նախկին իշխանությունների կողմից, և նրանք, ովքեր ասում են՝ նրանք կախված են հին իշխանություններից, կներեք, անգրագետ են: Այժմ ստեղծվել է աննախադեպ իրավիճակ, երբ ՍԴ դատավորներն ընտրվել են նախկինների կողմից, այսինքն՝ որևէ կախվածություն չունեն ներկա իշխանություններից: Եվ ՍԴ-ի դեմ կատարվող բոլոր գործողությունները՝ ներառյալ վաղ կենսաթոշակի այդ ամոթալի օրենքը, ի վնաս իշխանությունների են և հօգուտ ՍԴ-ի»,- ասաց նա:

Ըստ ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտի (International Republican Institute, IRI) զեկույցի՝ Հայաստանում իրականացրած հարցման արդյունքները ցույց են տվել, որ Իրավապահ մարմիններից ժողովրդի ամենաբարձր վստահությունը վայելում է Սահմանադրական դատարանը: Սահմանադրական դատարանը վայելում է 40 % վստահություն, դատախազությունը՝ 38 %, իսկ մյուս դատարանները՝ 36 %:

Լարիսա Ալավերդյանի կարծիքով՝ Սահմանադրական դատարանը՝ շատ անգամ հակասական ընկալում կամ գնահատական ստացած բոլոր որոշումներով հանդերձ, միևնույն է, կարողացել է զարգացում ապահովել. «Կարծիքը Հայաստանի Սահմանադրական դատարանի մասին միջազգային հաստատություններում շատ բարձր է»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ