Մարդիկ չեն ուզում խաղի կանոնների փոփոխություններ, որովհետև այդ դեպքում նրանցից շատերը կարող է պետք չլինեն. Իոաննիսյան


16:21 , 12 դեկտեմբեր, 2019

Pastinfo.am-ը գրում է.

Այո, այդ դիմադրությունը կա։ Կան շատ պետական կառավարման օղակներ, մարմիններ։ Լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային խորհրդի նորանշանակ անդամ Դանիել Իոաննիսյանը՝ անդրադառնալով այսօր կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետի արած հայտարարությանն այն մասին, որ ամբողջ պետական համակարգը հեղափոխությանը դիմադրում է և այդ դիմադրությունն ինքը ջարդելու է։

«Ըստ իս՝ ԱԱԾ-ի վերջին որոշակի ժամանակաշրջանի գործունեությունը դա դասական դիպսթեյթ գործողություն է։ Ոչ միայն Վանեցյանի օրոք, նաև Վանեցյանից հետո, նաև վերջին օրերին՝ որոշ հայտարարություններ և որոշ գործողություններ»,-նշեց Դանիել Իոաննիսյանը։

Հարցին՝ որն է այդ գործողության նպատակը, Դանիել Իոաննիսյանը նկատեց՝ պետական կառավարման համակարգում կան անձինք, որոնք փոփոխություններ չեն ուզում, որոնք կոմֆորտ զոնայում են և ուզում են, որ ամեն ինչ մնա այնպես, ինչպես որ եղել է. «Այս առումով հասկանալի է այդ մարդկանց մոտեցումը։

Նրանք չեն ուզում ժողովրդավարական փոփոխություններ, այդ մարդիկ չեն ուզում խաղի կանոնների փոփոխություններ, որովհետև այդ մարդկանցից շատերը փոփոխությունների պարագայում կարող է ընդհանրապես էլ պետք չլինեն։ Եկեք համաձայնենք, որ օրինակ մարդիկ, որոնք տարիներ շարունակ զբաղվել և մասնագիտացվել են ընդդիմության քաղաքական հետապնդմամբ, ժողովրդավարական հասարակությունում անելիք չունեն, գործազուրկ են մնալու և հասկանալի է, որ այդ մարդիկ չեն ուզում գործազուրկ մնալ»,-ասաց ՀԽ անդամը, ում կարծիքով իրավապահ համակարգի բոլոր օղակներում անհրաժեշտ են լրջագույն բարեփոխումներ և դրանք պետք է լինեն թե՛ ոստիկանությունում, թե՛ ԱԱԾ-ում, թե՛ մյուս մարմիններում, որպեսզի համակարգերի տրամաբանությունը փոխվի, որպեսզի այդ իրավապահ մարմինները կարողնանա արդյունավետ կատարել իրենց առջև դրված պարտականությունները. «Այստեղ էլ խնդիր ունենք և շատ իրավապահ մարմիններ չեն կարողանում պատշաճ կերպով պարտականությունները կատարել»,-ասաց Դանիել Իոաննիսյանը։

Դիտարկմանը, որ Հանրային խորհուրդը վերջին շրջանում բազմիցս որակվել է որպես անիմաստ կառույց, այդ թվում նաև իշխանության ներկայացուցիչների կողմից, Դանիել Իոաննիսյանն ասաց, որ իր ելույթներում նույնպես նման գնահատական կարող են գտնել.

«Այս պահի դրությամբ ունենք Սահմանադրության հոդված, որով այդ կառույցը պետք է լինի և եթե ինչ-որ կառույց պետք է լինի, ապա այդ կառույցը պետք է լինի մաքսիմալ իմաստալի, արդյունավետ։ Միգուցե այդ կառույցն ընդհանրապես չպետք է լինի և դա էլ է քննարկման հարց։ Սահմանադրական փոփոխություններ են լինելու երևի առաջիկա տարիներին, դա էլ կարելի է քննարկել՝ ինչքանով ՀԽ-ն պետք է լինի, չպետք է լինի, բայց այս պահին Սահմանադրությունը ենթադրում է՝ այդ մարմինը պետք է լինի»,-հավելեց Դանիել Իոաննիսյանը։