Որևէ արտառոց բան պետք չէ փնտրել վարչապետի հայտարարության մեջ. Էդուարդ Աղաջանյան


15:36 , 12 դեկտեմբեր, 2019

Pastinfo.am-ը գրում է.

Ստվերային պայմանավորվածությունների մասին չի կարող խոսք գնալ, վարչապետն ավելի շատ նկատի ուներ համակարգային ձևը, որ նախկինում գոյություն է ունեցել։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ անդրադառնալով կառավարության նիստի ժամանակ վարչապետի հայտարարությանն այն մասին, որ ամբողջ պետական համակարգը հեղափոխությանը դիմադրում է և այդ դիմադրությունն ինքը ջարդելու է։

«Այն ի սկզբանե եղել է որոշակի տրամաբանությամբ գործող։ Պետական համակարգը, քանի որ մեծ է, հեշտ չէ այդ համակարգը նոր տրամաբանության մեջ դնել և գործարկել։ Կարծում եմ վարչապետը սա նկատի ուներ»,-նշեց Էդուարդ Աղաջանյանը։

Դիտարկմանը՝ արդյոք սա նշանակում է, որ առաջիկայում գուցե պետական համակարգում և մասնավորապես ուժային կառույցներում ռադիկալ փոփոխություններ լինեն, Էդուարդ Աղաջանյանը նկատեց՝ պետական համակարգում պարբերաբար բավականին հնչեղ փոփոխություններ են լինում և որևէ բան չի բացառվում. «Բայց որևէ արտառոց բան պետք չէ փնտրել վարչապետի հայտարարության մեջ»,-հավելեց Էդուարդ Աղաջանյանը։