«Զվարթնոց»-ից «Մարիոթ» բերելու համար օդանավակայանի պաշտոնական տաքսիներից մեկը 34.000 դրամ է պահանջել գերմանացի տուրիստից


10:33 , 12 դեկտեմբեր, 2019

Սա կտրոն է, որ տրվել է Հայաստան ժամանած գերմանացի մի քաղաքացու «Զվարթնոց» օդանավակայանից «Մարիոթ» բերելու համար: Ու տաքսիստն էլ ինչ-որ պատահական մեքենա չէ, այլ օդանավակայանի պաշտոնական տաքսիներից: Ես վաղուց այդ տաքսիներից չեմ օգտվում, բայց կարծում եմ՝ սա ոչ թե նախընտրության հարց է, այլ Հարկայինի զբաղվելու թեմա: Նշում եմ ՀՀ Զբոսաշրջության կոմիտեին, որ փորձենք միասին հասկանալ՝ ինչ կարելի է անել, քանի որ իմ մոտ լրիվ «իսպանական ամոթ» է, երբ որ դու ոչ մի բանում մեղավոր չես, բայց ուրիշի փոխարեն ահավոր անհարմար ես զգում:

Հ.Գ. ավելացում. քանի որ այս պատմությունը շատ մեծ արձագանքներ ունեցավ, իսկ ես բոլորիդ պատասխանել ֆիզիկապես չեմ կարող, ընդհանուր պարզաբանեմ:

Այսօր հանդիպել եմ ընկերոջս, ով պատմել է իր գործընկեր գերմանացու հետ պատահածը ու ցույց տվել կտրոնը: Ընկերոջս վստահում եմ 100 տոկոսով: Ի վերջո, նաեւ ի՞նչ շահ պետք է ունենամ ես կամ ինքը այդ հարցը բարձրաձայնելուց: Կամ ի՞նչ շահ ունի գործերով Հայաստան եկած եւ գնացած գերմանացին, որ մի զրո էլ ավելացնի կտրոնի վրա, ինչպես որոշ մարդիկ գրառումներում կասկածեցին: Ես էլ ընկալել եմ այս իրավիճակը՝ որպես խայտառակություն մեր երկրի համար ու կիսվել:

Լրագրողներից իմ հետ կապ են հաստատել, տվել եմ ընկերոջս կոնտակտը: Եթե գերմանացին ուզենա խոսել էս թեմայով, ինքը կպատմի, եթե չէ, թող սա լինի ուղղակի իմ վրդովմունքի արտահայտությունը, որ նման բան կարող է լինել:

Նշվեց նաեւ, որ այդ տաքսի ծառայությունն այլեւս չկա: Ուրեմն՝ այդ կտրոններից ինչ-որ մեկի մոտ պահպանվել են, եւ չգիտես էլ որտեղ ու ոնց կարող են հետագայում օգտագործել:

Միգուցե լրագրողները կկարողանան ինչ-որ բան պարզել: Ես նաեւ հասկանում եմ, որ քիչ հավանական է, որ այդ մարդուն գտնեն, չեմ էլ ունեցել նման նպատակ (դրա համար հանեցի ոստիկանության վրայից թեգը): Ուղղակի մի տեսակ կոչ էր էլի, որ նման բաները չպետք է լինեն մեր երկրում:

Իսկ դրանք, ցավոք լինում են, քանի որ մի քանի հոգի գրառումներում հաստատեցին, որ իրենք էլ են հանդիպել նման դեպքերի: