Գորան Բրեգովիչին լսելու հաճույքը կարժենա 65.000 եվրո (Video)


18:38 , 11 դեկտեմբեր, 2019

168.am-ը գրում է.

Երևանի քաղաքապետարանն իր բյուջեով նախատեսված ամանորյա ծախսերը վերջին երկու տարիներին որևէ կերպ չի ավելացրել.  Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի հավաստմամբ՝ գումարի մեծության չափը պայմանավորված է Կառավարության՝ իրենց պատվիրակած լիազորություններով:

«2017թ.-ին Երևանի կենտրոնական շրջանի և համայնքների միջոցառումների բյուջեն եղել է 199 մլն 46 հազար դրամ, 2018-ին՝ 167 մլն 860 հազար դրամ, 2019-ին՝ 158 մլն 512 հազար դրամ: Սա նշանակում է, որ ծախսային մասով 2017-ի համեմատ՝ ունենք 40 մլն նվազում: Ինչ վերաբերում է Կառավարության տրամադրած 271 մլն-ին, սա պատվիրակված լիազորություն է: Կառավարությունն առաջարկել է   ծավալների փոփոխություն կատարել, միջոցառումը դարձնել համապետական, հրավիրել միջազգային հեղինակության արտիստի: Երևանի քաղաքապետարանն արդեն կազմակերպում էր միջոցառում և չէր կարող չլինել ծավալների մեծացման պատասխանատուն»:

Կառավարության սուբսիդավորմամբ միջոցառման ծավալներն ավելի մեծ կլինեն և երկար կտևեն, պետական կառույցների ներկայացուցիչներն այսպիսով հույս են հայտնում, որ համայնքների բնակիչներն ու զբոսաշրջիկները ևս ներկա կգտնվեն ամանորյա միջոցառումներին: Տոնական լույսերը կվառվեն դեկտեմբերի 21-ին՝ ժամը 22:00-ին: Միջոցառումները կշարունավեն մինչև հունվարի 13-ը:
Հանրապետության հրապարակում և հարակից տարածքներում միջոցառումներ կազմակերպելու համար Երևան քաղաքի բյուջեն նախատեսում է  54 մլն դրամ, մյուս 11 վարչական շրջանների բյուջեն կազմում է 81 մլն դրամ: Արդյունքում՝ Կառավարության սիբսիդավորման հետ միասին՝ Ամանորի համար կծախսվի 406 մլն դրամ: Հանրապետության հրապարակում Ամանորի գիշերը կերգի Գորան Բրեգովիչը: Factory ընկերությունը, որը պատասխանատու է հրապարակում և հարակից տարածքներում անցկացվող միջոցառումների կազմակերպչական աշխատանքների և մտահղացումների համար, երաժշտին վճարելու է 65.000 եվրո: Տիգրան Վիրաբյանն ասում է՝ սա այնքան էլ սարսափելի թիվ չէ, եթե հաշվի առնենք մի շարք հանգամանքներ:

«Սա երաժշտական խմբի մատուցվող ծառայությունների ընդհանուր արժեքն է: Խումբը կազմված է լինելու 10 հոգուց, կենդանի նվագակցություն է լինելու, Բրեգովիչի հետ Հայաստան են ժամանելու բեք-վոկալ կատարող արտիստները: Հաշվի առնելով ամանորը, հաշվի առնելով նման հեղինակության արտիստների միջազգային պահանջարկը, որ գումարը բաշխվում է բոլորին, և ժամանակահատվածը, Գորան Բրեգովիչը միջազգային չափորոշիչներով նորմալ պայմաններով համաձայնել է գալ Հայաստան, չի ընտրել կլիմայի առումով ավելի հարմար երկիր, որոշել է իր Ամանորն անցկացնել Երևանում»,- պարզաբանեց փոխքաղաքապետը:

Աղմուկ էր բարձրացրել նաև այն հարցը, որ Ամանորը նշելու ծառայությունների գնումը մեկ հոգուց է կատարվել: Տիգրան Վիրաբյանը հակադարձեց՝ մեկը չէ, չորսն են:

«Եթե գեղարվեստական պատասխանատուն մի ընկերություն է, տեխնիկական սպասարկումն իրականացնում է մեկ այլ ընկերություն, հնարավորություն չի տրվել, որ ինքն ընտրի իր դեկոր պատրաստողին, տեխնիկական սպասարկողին: Այն ընկերությունները, որոնք ընտրված են, աշխատում են ԱԱՀ-ով և ոչ 5 տոկոս հարկով, 60 մլն վերադառնալու է բյուջե՝ որպես ԱԱՀ: Այս ընկերություններն արտիստների համար ևս վճարում են հարկեր, պետք է այս ամենն ընկալել այդ տրամաբանության մեջ»,- ասաց նա:

Փոխքաղաքապետը չի ժխտում տարածված տեղեկությունները, որ ինքը  կապ ունի  Factory ընկերության հետ, և, որ դրա ղեկավարն իր ընկերն է, ասում է՝ ոլորտում վաղուց է, միջոցառումներ կազմակերպող գրեթե բոլոր ընկերությունների ղեկավարների հետ էլ ընկերական կապեր ունի: Իսկ թե ինչո՞վ է պայմանավորված, որ հենց այս ընկերությունն է հաղթում Քաղաքապետարանի կազմակերպած մի շարք մրցույթներում, Տիգրան Վիրաբյանը պատասխանեց, որ դա այդպես չէ, այս ընկերությունը մեկ այլ առիթով մեկ փաստաթղթի պատճառով զրկվել էր միջոցառման անցկացման իրավունքից:
406 մլն դրամի տրամադրումն ավելորդ ծախս համարողներին, պնդողներին, թե այդ գումարով կարելի էր ավելի կարևոր հարցեր լուծել, փոխքաղաքապետ Վիրաբյանը վստահեցրեց, որ  իրենք կարևորն անկարևորից զատել գիտեն: Մեղադրողներին էլ, թե աղետի գոտի ունեցող երկրի համար սա ճոխություն է, փոխքաղաքապետը առաջարկեց խորհուրդներ չտալ:

«Մենք գիտենք կարևորն անկարևորից զատել, և մեզ պետք չէ դասեր տալ այդ առումով:  Ես շատ ուրախանում եմ, որ Գյումրիով մտահոգվելը հիմա թրենդային է: 2016թ.-ին, երբ Հայկ Բարսեղյանի հետ իրականացնում էինք  SOS Գյումրի ծրագիրը, և Գյումրեցի 33 անօթևանի համար փորձում էինք միջոցներ հայթայթել, որ այդ անմարդկային պայմաններից հանեինք, այսօրվա այս թեմայի շուրջ խոսողներից գրեթե ոչ մեկին չեմ հիշում: Չի կարելի Գյումրին սիրել պարբերաբար, քաղաքական վերադասավորումների արդյունքում, չի կարելի Գյումրիի վրա դիվիդենտներ հավաքել»,- ասաց Տիգրան Վիրաբյանը:

Ամանորին Հանրապետության հրապարակում կհնչի նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը: Ավելի վաղ վարչապետը կոչ էր արել  բոլորին դեկտեմբերի 31-ին լինել Հանրապետության հրապարակում, նման կոչով հանդես էր եկել նաև վարչապետի տիկինը՝ Աննա Հակոբյանը,  հորդորել էր կանանց ազատվել «խոզի բդի, տոլմայի, ստալիչնիի և բլինչիկի» տասնամյակների գերությունից և տոնական օրերն իսկապես վայելել  ընտանիքների, ընկերների և հարազատների հետ:
Ի դեպ, աշխարհում Ամանորը համարվում է ընտանեկան տոն, այդ օրը մարդիկ հավաքվում են մեկ սեղանի շուրջ՝ միասին դիմավորելու եկող տարին: