«Քաջարանում «Վիտամին ակումբ»-ի ամբողջ կազմին ելույթից հետո տարել էին ստրիպտիզ». ինչ թեմաներից է խոսելու Վաչե Թովմասյանն իր առաջին Stand up ներկայացման ընթացքում


15:15 , 11 դեկտեմբեր, 2019

Դեկտեմբերի 13-ին տեղի կունենա Վաչե Թովմասյանի «Դե հիմա էդ ա» վերնագրով 18+ ստենդափ ներկայացումը, որի մանրամասները վերջինս պատմել է BlogNews.am-ին: «Ստենդափ ժանրում հանդես գալու ցանկություն շատ վաղուց ունեի, երբ արդեն «Վիտամին»-ը վերջացել էր: Ես այդ ընթացքում սկսել էի զբաղվել դրանով, բայց հետո հեռուստաընկերությունից առաջարկներ ստացա սիթքոմ նկարահանելու և այդպես հետաձգվեց: Վերջին մեկ տարվա ընթացքում ազատ ժամանակս ավելի շատ էր, և ամառվանից սկսեցի կենտրոնանալ սցենարի վրա: Կարող եմ ասել, որ ինձ հոգեհարազատ է բեմում գտնվելը և հանդիսատեսի հետ կենդանի շփումը: Դա հաճույք է, որը ես տասնյակ տարի զգացել եմ և վերջին հինգ տարիներին անմասն եմ մնացել դրանից»:  

Խոսելով ստենդափի թեմաների մասին՝ նշում է. «Այն թեմաները, որոնք ես եմ բարձրացնում, իմն են, շատ կան իրական պատմություններ, որոնց մեծ մասը հենց տեղի են ունեցել ինձ հետ։ Կարծում եմ՝ դրանք բավական հետաքրքիր են: Օրինակ՝ իմ երեխայի ծնվելու ժամանակ, երբ Գայանեն հիվանդանոցում էր, մենք մեքենայի թափքի վրա խմիչքն էինք դասավորում, երբ Քաջարանում «Վիտամին ակումբ»-ի ամբողջ կազմին ելույթից հետո տարել էին ստրիպտիզ: Խոսում եմ, թե ինչպես է իմ կինը դաստիարակում երեխային, և ինչպես էր մայրս մեզ դաստիարակում: Այդ թեմաների ժամանակ ես ցույց եմ տալիս, թե ինչպես եմ ես մտածում: Մի փոքր փորձել եմ հասուն սթենդ ափ անել»:

Վաչեի ստենդափը 18+ ժանրի է, բայց ոչ գռեհիկ, պարզապես ամեն մեկին հասու չէ. «Ինչ-որ բաներ կան, որ կարծում եմ՝ շուտ է դրա մասին խոսելը, և ինչ-որ բաներ կան, թողել ենք մի կողմ: Սթենդափն այնպիսի ժանր է, որ երբ մուտք ես գործում այս դաշտ, արդեն հետդարձի ճանապարհ չկա»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի