Մինչև դարավերջ օվկիանոսները կարող են թթվածնի մինչև 4 տոկոսը կորցնել տաքացման և աղտոտման պատճառով


03:49 , 11 դեկտեմբեր, 2019

Ջերմաստիճանի բարձրացման եւ շրջակա միջավայրի աղտոտման հետեւանքով օվկիանոսները մինչեւ 2100 թվականը կարող են կորցնել դրանցում պարունակվող թթվածնի 3-ից մինչեւ 4 տոկոսը, ինչը կործանարար ազդեցություն կունենա ծովի կենդանական աշխարհի բազմաթիվ տեսակների վրա: Այս եզրակացությանն են եկել Բնության եւ բնական ռեսուրսների պահպանության միջազգային միության (ԲԲՌՊՄՄ) փորձագետները։

Ինչպես նշվում է այս կազմակերպության կողմից հրապարակված զեկույցում, աղտոտման եւ տաքացման պատճառով օվկիանոսներում ավելի ու ավելի է պակասում թթվածինը: Հետազոտությանը մասնակցած 17 երկրների 67 մասնագետներ վկայակոչում են ավելի վաղ կատարված ուսումնասիրությունները, որոնց համաձայն, «թթվածնի պարունակությունն օվկիանոսներում 20-րդ դարի կեսերից պակասել է 1-2 տոկոսով»: Այժմ մոտավորապես 700 շրջանում նշվել է թթվածնի պարունակության նվազում այն դեպքում, երբ 20-րդ դարի 60-ական թվականներին այդպիսի շրջանները միայն 45-ն էին: «Սպասվում է, որ օվկիանոսն ամբողջությամբ վերցված մինչեւ 2100 թվականը կկորցնի թթվածնի 3-4 տոկոսը, եթե միջոցներ չձեռնարկվեն:

Ընդ որում՝ այդ կորուստների հիմնական մասը բաժին կընկնի վերին 1000 մետր շերտին, որն աչքի է ընկնում տեսակների բազմազանությամբ եւ առատությամբ»,-ընդգծում են փորձագետները:

ԲԲՌՊՄՄ-ը, որը հիմնվել է 1948 թվականին, աջակցում է միջազգային համագործակցությանը բնության պահպանության բնագավառում, տեղեկատվություն է տարածում բնապահպանական խնդիրների եւ դրանց լուծման եղանակների վերաբերյալ: Այդ կազմակերպության, որի կենտրոնակայանը գտնվում է շվեյցարական Գլանդե քաղաքում, խնդիրների թվում պայքարնէ հանուն կենդանիների ու բույսերի տեսակների պահպանության: 1964 թվականին ԲԲՌՊՄՄ-ը հրապարակել է Կարմիր գրքի առաջին երկհատորյակը, որտեղ տվյալներ են հավաքվել հազվագյուտ կամ անհետացող կենսաբանական տեսակների վերաբերյալ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: