Merriam-Webster բառարանը հայտարարել է 2019 թվականի բառը


01:43 , 11 դեկտեմբեր, 2019

Մերիամ-Վեբսթերի ամերիկյան բացատրական բառարանը (Merriam-Webster՚s Collegiate Dictionary) «տարվա բառ» է ընտրել «նրանք» (they) դերանունը: Դեկտեմբերի 10-ին այդ մասին տեղեկատու հրատարակությունը հայտնել է իր կայքում։

«2019 թվականի մեր բառն է դարձել «նրանք»-ը,- հայտնել են բառարանի ներկայացուցիչները՝ նշելով, որ հրատարակության օգտատերերն այս բառի նշանակությունը ճշտել են 313 տոկոսով ավելի հաճախ, քան անցյալ տարի:

Բառարանի կայքում նշված է, որ այս դերանունը եղել է ԱՄՆ-ում շատ հասարակական բանավեճերի կենտրոնում, որոնք վերաբերել են սեռական փոքրամասնությունների իրավունքների հարցերին: Մասնավորապես, հրատարակությունը նշել է, որ լայն արձագանք է ստացել բրիտանացի երաժիշտ Սեմ Սմիթի արտահայտությունը, որը սեպտեմբերին հայտարարել է, թե ինքն «իրեն վերագրում է ոչ բինար գենդերի», այսինքն՝ իրեն չի համարում ոչ տղամարդ, ոչ կին, ուստի խնդրում է գրել «նրանք», այլ ոչ թե «նա» այն դեպքում, եթե խոսքը վերաբերում է իրեն: Մերիամ-Վեբսթերի բառարանը «տարվա բառ» է ընտրում արդեն ավելի քան 15 տարի:

Անցյալում «տարվա բառեր» են դարձել «արդարությունը» (justice, 2018), «ֆեմինիզմը»(feminism, 2017), «գիտությունը»(science, 2013), «սոցիալիզմը»(socialism, 2012), «պրագամտիկը» (pragmatic, 2011): Նոյեմբերին բրիտանական Օքսֆորդի անգլերենի բառարանը (Oxford English Dictionary) «2019 թվականի բառ է համարել «կլիմայական արտակարգ դրություն» (climate emergency) բառակապակցությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: