Սու-30-ների շահագործման հետ կապված հարցեր են առաջանալու. պետք է ստեղծել աերոդրոմային ցանց. Վրթանեսյան


23:41 , 10 դեկտեմբեր, 2019

168.am-ը գրում է․

Նոր սպառազինության ձեռքբերման մասին պաշտոնական հրապարակումների համաձայն՝ մինչև 2020 թվականի սկիզբ ունենալու ենք Սու-30 ՍՄ ինքնաթիռների առաջին նախնական խմբաքանակը՝ թվով 4, որը միտում ունի դառնալու 8-12:

Այս կործանիչների գնման նպատակահարմարության վերաբերյալ ռազմական փորձագետների կարծիքները տարբեր են, ինչին մեր հրապարակումներում անդրադարձել ենք: Մասնավորապես, ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը չի կարծում, թե ՍՈւ-30-ները մեզ օդ ու ջրի պես անհրաժեշտ են, թեպետ այն խնդիրները, որոնք կարող է լուծել բազմաֆունկցիոնալ ավիացիան, կարևոր են: Հակադիր կարծիք ունեցող փորձագետները պնդում են, որ բազմաֆունկցիոնալ կործանիչը դա միաժամանակ և՛ «Իսկանդեր» ու «Ս-300» է, և՛ ՌԷՊ-ի միջոց:

Սրանից ելնելով՝ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը մի առիթով հիմնավորել է՝ ««Իսկանդերի» և նման այլ միջոցների մարտական վիճակի բերման ժամանակը զգալիորեն ավելի մեծ է, դրանց արձակման վայրի փոփոխությունը հնարավոր չէ արագ կյանքի կոչել, քանի որ կախված է բազում այլ հանգամանքներից, իսկ կործանիչը դա անում է անհամեմատ ավելի արագ, ընդ որում՝ դրա  թևերի տակ եղած «իսկանդերանման» միջոցները հակառակորդի ՀՕՊ-ի համար ավելի բարդ է հայտնաբերելը»:

«ՌազմինՖո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը 168.am-ի հետ զրույցում բնական համարեց մասնագիտական այս վեճը և հիշեցրեց՝ այն նոր չէ: Իսկ Սու-30-ները, ըստ նրա, լուրջ առավելություններ են տալու մարտավարական խնդիրների կատարման դեպքում, մյուս կողմից՝ աերոդրոմային ցանց ստեղծելու անհրաժեշտություն է առաջ գալու:

«Ցամաքային ուժերի հրթիռների և օդուժի միջև վեճը տասնամյակների վեճ է աշխարհում: Իսկ Սու-ն կարող է տալ լուրջ առավելություններ. «Իսկանդերը» կիրառվելու է տրամաբանորեն լուրջ ռազմավարական խնդիրներ լուծելու դեպքում, իսկ Սու-30-ը կարող է աշխատել մարտավարական, օպերատիվ-մարտավարական խնդիրների կատարման համար: Կոպիտ ասած՝  սահմանային մի քիչ ավելի լայնամասշտաբ գործողություններում դու «Իսկանդերով» չես խփի դիրք, իսկ Սու-ով կարող ես: Երկրորդ՝ մեզ համար օբյեկտիվորեն Սու-30-ը կարող է շատ խնդիրներ լուծել հետևյալ նախապայմաններով. առաջին՝ պետք է համոզված լինենք, որ դրանք հնարավորինս արդյունավետ են կիրառվելու, երկրորդ՝ այդ կործանիչների գնումը ենթադրում է անձնակազմերի շատ լուրջ պատրաստություն, պահուստային անձնակազմերի առկայություն, ամեն տարի մարզումներ՝ հստակ նշված ժամանակով, և այլն: Հետո՝ այդ 4 Սու-ն, որի մասին խոսվում է, այն նվազագույն անհրաժեշտ քանակն է, որը պետք է արդյունավետ գործողությունների համար:

Շատ ավելի լավ կլիներ, որ ունենայինք 8-12 հատ: Սակայն այստեղ խնդիր է առաջանում՝ կապված դրանց պահպանման ծախսերի հետ: Ահավոր մեծ են պահպանման և սպասարկման ծախսերը: Ավելին ասեմ՝ բացի Սու-30-ից, ունենք Սու-25-ներ, որոնց հետ կապված արդիականացման հարցեր կան, ինչպես նաև՝ ուղղաթիռային ավիացիան լրացնելու: Ենթադրենք՝ Սու-30-ի հետ կապված ծախսերը հաշվարկված են, բայց խնդիրը դրանով չի լուծվում, քանի որ շահագործման հետ կապված բազմաթիվ հարցեր կան:

Անհրաժեշտ է այս դեպքում աերոդրոմների ցանց ստեղծել: Ադրբեջանը վերջին տասը տարում բավականին զարգացրել է իր ռազմական օդանավակայանների ցանցը. ունի մի քանի գծին մոտ նոր կառուցված օդակայաններ, այլ կերպ՝ аэродром подскока, և եթե վնասված լինի ինքնաթիռը, կարող է արագ դուրս գալ խոցելիության գոտուց, վայրէջք կատարել, արագ սպասարկվել ու թռնել, որ մեր հեռահար հրետանու գործողությունների թիրախ չդառնա: Ավելի խորքում ունեն այլ աերոդրոմներ, որոնք օգնում են ավելի երկար թռիչքներ կատարել, որովհետև համեմատաբար մոտ են առաջնագծին: Նույն ձևի  մենք էլ պետք է ունենանք և՛ բաց, և՛ քողարկված աերոդրոմներ, ինչը բավականին լուրջ ծախսերի հետ է կապված: Եվ այս իրավիճակում, երբ ես տեսնում եմ պետական մակարդակով շատ ծախսեր՝ քեֆերի, տոնակատարությունների համար արվող, ինձ թվում է՝ Սու-30-ների կիրառման արդյունավետությունը կաճեր, եթե այդ գումարները ներդրվեին՝ կառուցելու ավելի պաշտպանված օդանավակայաններ կամ աերոդրոմներ»: