ՍԴ անդամների՝ վաղ կենսաթոշակի անցնելու նախագծի նպատակն իշխանությունների կողմից ցանկալի ՍԴ կազմ ունենալն է. այն տեսքով կարող է դառնալ օրենք, բայց բովանդակությամբ իրավական համարվել չի կարող. Հ. Ալումյան


22:01 , 10 դեկտեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

Սահմանադրական դատարանի անդամների՝ վաղ կենսաթոշակի անցնելու նախագծի նպատակն այն է, որ այսօրվա քաղաքական իշխանությունն ունենա իր համար ցանկալի ՍԴ կազմ: Tert.am-ի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց փաստաբան Հայկ Ալումյանը՝ նշելով, թե այս ճանապարհն իրավական չէ:

«Եթե ուզում են այս գործընթացին օրենքի տեսք հաղորդել, դա դեռ չի նշանակում, որ սա իրավական ճանապարհ է: Դա նույն բանն է, եթե, օրինակ այժմ ԱԺ մեծամասնությունը օրենք անցկացնի, որով ԱԺ մյուս խմբակցությունների պատգամավորներին տարբեր եղանակներով խրախուսի մանդատները վայր դնել և անցնել կենսաթոշակի՝ ընդհուպ առաջարկելով հսկայական պարգևավճարներ տրամադրել: Դա տեսքով կարող է դառնալ օրենք, բայց բովանդակությամբ իրավական համարվել չի կարող: Նույնն այս դեպքում է»,-ասաց նա:

Վերջինիս խոսքով՝ բազմաթիվ փորձեր են արվել՝ ՍԴ դատավորներից ազատվելու, որոնք անարդյունք են եղել, այդ պատճառով էլ դիմել են այս մեթոդին:

«Օրինակ՝ անհաջող փորձ արվեց ապացուցել, թե իբր նրանք դատավորներ համարվել չեն կարող: Ես չեմ պատկերացնում՝ ինչ տեղի կունենար, եթե Վենետիկի հանձնաժողովը չարձագանքեր. մինչև հիմա կթմբկահարեին, որ ՍԴ դատավորը մի բան է, անդամը՝ այլ բան: ՍԴ-ի մոտ բեմադրեցին «ժողովրդական ցասում» կոչվող արարողությունը, որի ընթացքում վիրավորանքներ էին հնչում դատավորների հասցեին, ու նրանցից մեկի նկատմամբ անգամ ֆիզիկական ուժ կիրառեցին, իսկ ոստիկանները կողքից հետևում էին ընթացքին: Փորձեցին քրեական գործեր ստեղծել»,-ասաց Ալումյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ