Պատրաստվում ենք ընդդիմության հետ ստանալ մի նախագիծ, որը կբարձրացնի խմբակցությունների ղեկավարների դերը. Լիլիթ Մակունց


18:14 , 10 դեկտեմբեր, 2019

Pastinfo.am-ը գրում է.

Սադրում եք ինձ, բայց ես սադրանքի չեմ տրվի։ Լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք որպես օրենսդիր մարմնի ներկայացուցիչ չի նեղվում, որ նախարարը 1.5 միլիոն աշխատավարձ է ստանում, իսկ ինքն ավելի քիչ։

«Մենք խորհրդարանականների դերի բարձրացման խնդիր, իհարկե, դնում ենք և եթե ուսումնասիրենք միջազգային պրակտիկան, խմբակցությունների ղեկավարները քաղաքական առումով բոլորովին այլ ներգրավվածություն ունեն, և մենք պատրաստվում ենք ընդդիմության հետ ստանալ մի նախագիծ, որը կբարձրացնի խմբակցությունների ղեկավարների դերը։ Սա ասելով միանգամից ուզում եմ ընդգծել, որ դա չի նշանակում՝ դրանով փորձ ենք անում աշխատավարձեր բարձրացնել կամ ինչ-որ նման մի բան, ոչ, բայց խորհրդարանականների դերի բարձրացումը կարևոր է»,-հավելեց Լիլիթ Մակունցը։

Անդրադառնալով Ամանորի տոնին 700 հազ դոլար ծախսելու Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությանը՝ Լիլիթ Մակունցն ընդգծեց հատկացումների արդարացված լինելու հասկանալու համար պետք է սպասել քաղաքապետարանի կողմից տվյալների հրապարակմանը. «Որքանով տեղյակ եմ դեկտեմբերի 11-ին նախատեսվում է մամուլի ասուլիս, որտեղ կներկայացվի ամբողջ բացվածքը և մանրամասն կխոսեն այդ մասին։ Իսկ թե ինչու են մեծ գումարներ հատկացվել ամանորյա միջոցառումների կազմակերպման համար, իմ կարծիքով պատճառներից մեկն այն է, որ վերջին տարում՝ 2019 թվականին արձանագրվել է զբոսաշրջիկների բավական մեծ հոսք ՀՀ և այն, որ Ամանորի գիշերը տեղի է ունենալու Գորան Բրեգովիչի համերգը, ով տարածաշրջանում մեծ ժողովրդականություն է վայելում, նպատակ ունի զբոսաշրջիկների ներգրավել, հատկապես Վրաստանից»,-հավելեց Լիլիթ Մակունցը։