Հրաչյա Հակոբյանը անհապաղ պետք է հայոց լեզուն կատարելագործի, քանի դեռ նրան չեն մեղադրել արտագաղթի պրոպագանդայի մեջ


17:47 , 10 դեկտեմբեր, 2019

Armdaily.am-ը գրում է.

Շաբաթներ առաջ օրենսդիրները խորհրդարանում վիճում էին բուհերում հայոց լեզու առարկան ոչ պարտադիր դարձնելու հարցի շուրջ։ Քննարկումները այնքան թեժացան, որ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն առաջարկեց թեստ անել պաշտոնյաների շրջանում հայոց լեզվի իմացությունը ստուգելու համար։ Իշխող քաղաքական մեծամասնությունը վիրավորվեց, սկսեց տեղից հակադարձել՝ հիշեցնելով Զոհրաբյանին 2015թ փետրվարը։ Ապա սկսեցին պատճառներ նշել, թե ինչու է հայոց լեզվի իմացության մակարդակը այդքան ցածր։ «Նախկին բոլոր քաղաքական կուսակցությունների հետ կոալիցիա եք կազմել, իրենց նախարարների վարած քաղաքականության արդյունքն է, սա նախկին նախարարների դեմքն է»,-ասել էր Քրիստինե Պողոսյանը։

Արդյոք նախկին նախարարները իրենց մեղավոր են զգում, որ անգամ պատգամավորները հայերեն չգիտեն՝ պետք է հարցնել նրանցից։ Սակայն, կոնկրետ այս դեպքում կարելի է պարզել՝ ո՞վ է մեղավոր, որ Հրաչյա Հակոբյանը չգիտի վտարանդի բառի իմաստը, ո՞ր նախարարը։ Կամ գուցե լավ ուսուցիչ, դասախոս չի ունեցել, դպրոց, բուհ չի գնացել, իսկ միգուցե անհրաժեշտ էր ԱԺ ամբիոնից ելույթ ունենալուց առաջ ճշտել օգտագործելիք բառերի իմաստը։ Այս ամենի հետեւանքն էլ այն է, որ Փաշինյանի աներձագը հայտարարում է, թե բոլոր ծխողները պետք է դառնան վտարանդի։

Նշենք, որ վտարանդի նշանակում է իր հայրենիքից հեռացած և օտար երկրում բնակություն հաստատած մարդ, տարագիր, պանդուխտ, թափառական։

Ըստ ամենայնի՝ Հակոբյանը ցանկացել է նշել, որ ծխողները պետք է հանրության կողմից պարսավանքի արժանանան, մերժվեն, իրենց «իզգոյ» զգան։ Սակայն քանի որ դահլիճում նստածների մեծ մասը եւս հայերենի իմացությամբ չեն փայլում, նրան նորմալ համարժեք բառ չեն կարողացել հուշել՝ օտարանդի, վտարանդի տարբերակները առաջարկելով։
Հայոց լեզուն ոչ պարտադիր դարձնող իշխանության ներկայացուցչի չիմացության հետեւանքն էլ նման «կիքսերն է», որոնք եթե չհամարեինք գիտելիքի բացակայության արդյունք, ապա ավելի հեռուն գնացող եզրակացություններ պետք է անեինք։ Մասնավորապես՝ պետք է մտածեինք, որ Հրաչյա Հակոբյանը ցանկանում է, որ ծխողները լքեն հայրենիքը, այլ կերպ ասած՝ չծխողների Հայաստան է ուզում տեսնել, ոչինչ, որ ծխողները կազմում են բնակչության 26 տոկոսը։ Իհարկե, գուցե ֆանտաստիկ լավ դեմոգրաֆիկ պատկեր ունեցող երկրների համար 26 տոկոսը մեծ թիվ չէ, կարելի է անգամ պատգամավորի այս ցանկությունը իրականացնել, սակայն դա մեր մասին չէ։

Այնպես որ քանի դեռ հակահեղափոխականները չեն սկսել տարածել լուրեր, թե պատգամավոր աներձագը վարչապետ Փաշինյանի դեմ է դուրս եկել, արտագաղթի պրոպագանդայով է զբաղվում, երբ իշխանությունն օրինբուն զբաղված է բնակչության թվաքանակը ավելացնելով, պատգամավորն անհապաղ պետք է հայոց լեզվի դասերի հաճախի եւ կատարելագործի լեզվի իմացությունը։