Նոր խաղ Եվրասիայում


12:30 , 8 հուլիս, 2013

Lragir.am-ը գրում է.

Հուլիսի 4-ին Պեկինում համաձայնագիր է ստորագրվել Չինաստանի եւ Իրանի միջեւ, անվտանգության ոլորտում համագործակցելու մասին: Խոսքը ներքին գործերի եւ անվտանգության ոլորտի խնդիրների մասին է, սակայն հասկանալի է, որ տվյալ համաձայնագիրը զգալիորեն ավելի քաղաքական նշանակություն ունի եւ կարող է դիտարկվել որպես կարեւոր քայլ Եվրասիայում քաղաքական համագործակցության նոր ասպարեզ ծավալելու հարցում:

Համաձայնագրին նախորդել են չին-իրանական երկարատեւ բանակցությունները հարցերի լայն շրջանակով, այդ թվում՝ ռազմատեխնիկական համագործակցության, ինչն առաջնահերթ է թվում Իրանի համար: Միաժամանակ, սակայն, Իրանի ու Չինաստանի միջեւ ռազմատեխնիկական համագործակցությունը տեղի է ունենում բավական վաղուց եւ գնալով ծավալվում է:

Համագործակցության զարգացման կարեւոր պահ դարձավ այն, որ Ռուսաստանը հրաժարվեց Իրանին մատակարարել S-300 համակարգեր, թեեւ մինչ այդ Իրանը հրթիռային տեխնիկա էր ստանում Չինաստանից:

Միեւնույն ժամանակ, Չինաստանն ու Իրանը բանակցություն են վարել աշխարհքաղաքական խնդիրների շուրջ: Իրանը համառորեն ձգտում էր դառնալ Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ, սակայն Ռուսաստանը եւ Չինաստանն արգելափակում էին այդ ձգտումները: Ներկայում Ռուսաստանը մնում է այդ դիրքորոշմանը, սակայն Չինաստանն ակնհայտորեն փոխել է իր դիրքորոշումն այս հարցում:

Խնդիրը միայն այն չէ, որ Ռուսաստանը կստանա լուրջ խնդիրներ, եթե Իրանը անդամակցի ՇՀԿ-ին, այլեւ այն, որ Չինաստանը, երեւում է, շահագրգռված չէ կազմակերպության անդամների թիվը շատացնելու հարցում (հնարավոր է տեղ ունի Պակիստանին չընդունելու ցանկությունը):

ՇՀԿ-ի ներսում եւ շուրջ ընթացող խաղն այնքան էլ պարզ չէ, եւ եթե պետությունների այդ «ակումբը» հրապարակային քննարկումների կենտրոնում չէ, չի նշանակում, որ միջազգային հանրությունը, նախեւառաջ ԱՄՆ, Ճապոնիան եւ Չինաստանը մտահոգ չեն այս բլոկի հեռանկարներով:

Սակայն, հենց այս փուլում Չինաստանը գերադասում է երկկողմ հարաբերությունների զարգացումը Եվրասիայում, եւ դա առայժմ մնում է նուրբ թեմա, թեեւ հասկանալի է, որ Չինաստանի ու Ռուսաստանի շահերն ավելի ու ավելի չեն համընկնում:

Իրանը որպես պետություն, որն ունի նավթի ու գազի հսկայական պաշարներ եւ նշանակալի ազդեցություն Մերձավոր Արեւելքում եւ որոշ չափով Կենտրոնական Ասիայում, մեծ «ձեռքբերում» է Չինաստանի համար: (Իրանն ու Չինաստանը քննարկում են գազամուղի շինարարության հարցը, որով տասնյակ միլիարդավոր խմ գազ պետք է մատակարարվի Չինաստանին: Դա կհանգեցնի Կենտրոնական Ասիայում էներգետիկ նոր իրավիճակի ստեղծմանը եւ արմատապես կփոխի Չինաստանի էներգետիկ ապահովվածության խնդիրը):

Կարելի է ենթադրել, որ Իրանը Չինաստանի քաղաքականության մեջ դիտարկվում էր որպես «պահեստային տարբերակ» եւ փաստարկ ԱՄՆ եւ Ռուսաստանի հետ երկխոսությունում, ինչպես նաեւ արաբական երկրների հետ հարաբերություններում, եթե նրանց մտքով անցնի շրջափակել նավթի մատակարարումը: Իհարկե, նախեւառաջ, Չինաստանի ու Իրանի աշխարհքաղաքական շահերը համընկնում են Կենտրոնական Ասիայում, որտեղ երկու երկրներն ունեն ռազմավարական, բայց ոչ հակասող շահեր:

Մի քանի ամիս առաջ Իրանը Տաջիկստանին առաջարկել է դուրս գալ Ռուսաստանի ազդեցության գոտուց, այդ թվում ՀԱՊԿ-ից, անվտանգության երաշխիքների դիմաց: «Անվտանգության երաշխիքների» մասին հարցը Իրանը չէր կարող դնել Տաջիկստանի առջեւ (ընդհանուր սահման չկա) առանց Չինաստանի հետ համաձայնեցման եւ աջակցության:

Հետաքրքրություն է ներկայացնում նաեւ այն, որ Իրանի ու Չինաստանի միջեւ նոր բանակցություններ են սկսել Կենտրոնական Ասիայում Թուրքիայի քաղաքականության խնդիրների վերաբերյալ, հավանական է՝ Վաշինգտոնից ստացված «ազդանշաններով»՝ Թուրքիային դուրս մղել Մերձավոր Արեւելքից եւ նրա հավակնություններն ուղղել դեպի Կենտրոնական Ասիա:

Չին-իրանական հարաբերությունների ակտիվացումը, հնարավոր է, նաեւ կապված է Իրանի եւ ԱՄՆ մերձեցման, հարաբերությունների կարգավորման հեռանկարների հետ:

Արդյոք Եվրասիայում կձեւավորվի աշխարհքաղաքական նոր «եռանկյունի», կամ դիմակայության նոր բլոկներ՝ ցույց կտա ժամանակը: Սակայն արդեն հասկանալի է դառնում, որ Եվրասիայում սկսում է նոր խաղ, որտեղ եվրասիական տարբեր դոկտրիններ վերանայվելու են:

Ինչ որ մեկը չափազանց մտահոգ էր «կարգավիճակի» հարցով, հաշվի չառնելով պետականության նոր բնույթը եւ միտումները համաշխարհային քաղաքականության մեջ: