Առաջարկվում է համատիրության վճարներն իրականացնել ոչ թե ֆիզիկական անձի միջոցով, այլ բանկային հաշվին


17:51 , 9 դեկտեմբեր, 2019

Pastinfo.am-ը գրում է.

Ազգային ժողովում քննարկվում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի ներկայացրած «Բազմաբնակարանային շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու և «Համատիրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթը։

Օրինագծով նախատեսվում է համատիրության վճարներն իրականացնել ոչ թե ֆիզիկական անձի միջոցով, այլ բանկային հաշվին, որպեսզի թափանցիկ լինի ընդհանուր հավաքագրված գումարի քանակը։

Վաղարշակ Հակոբյանը նկատեց, որ նախատեսվող փոփոխությունը բավականին հասունացած է և ոլորտը պետք է արմատական փոփոխության ենթարկվի. «Ըստ առաջարկվող փոփոխության՝ շենք առ շենք բացվելու են հաշիվներ ու ենթահաշիվներ, ամեն շենք հնարավորություն է ունենալու՝ հասկանալ իր համար առաջնահերթությունները։ Այս դեպքում այն ուղղությունները, որտեղ բաշխվելու են գումարները նույնպես թափանցիկ և հասանելի կլինի»,-նշեց պատգամավորը։

Պատգամավորն ընդգծեց, որ ունենք իրավիճակ, երբ հավաքագրված գումարներն անհայտ կերպով ծախսելու պարագայում վերջնական արդյունքում ոչ մի փոփոխություն չի կատարվում տվյալ շենքում ապրող բնակիչների համար։