Նախարարի տեղակալը առանց նախարարի համաձայնության չի մտնում կոռուպցիոն գործարքների մեջ


12:35 , 9 դեկտեմբեր, 2019

Եթե նախարարի տեղակալին ձերբակալում են առերևույթ կաշառքի և կոռուպցիայի մեղադրանքով, ապա նախարարը պետք է ներկայացնի հրաժարական առնվազն երկու պատճառով.

1. Ապացուցելու համար, որ ինքը առնչություն չունի կատարված հանցանքի հետ, և այն իր հետ համաձայնեցված չի եղել, և

2. Իր տեղակալի կողմից կատարած հանցանքի համար կրում է քաղաքական պատասխանատվություն և ընդունում է, որ որպես նախարար իր տեղում չի գտնվել և չի տիրապետել նախարարությունում տիրող իրավիճակին։

Ընդունված է համարել, որ նախարարի տեղակալը առանց նախարարի գիտության և համաձայնության չի մտնում կոռուպցիոն գործարքների մեջ։ Սա կանոն է, որ կիրառվում է պետական կառավարման համակարգի բարձր էշելոններում։

Լինում են բացառություններ, երբ տեղակալը գործում է ինքնագլուխ և իր գործողությունները չի համաձայնեցնում իր ղեկավարի հետ։ Սակայն դա լինում է միայն այն դեպքերում, երբ ղեկավարը, տվյալ պարագայում՝ նախարարը, առավելապես սուբյեկտիվ պատճառներով իր տեղում չէ, և նրան ոչ ոք իր ղեկավարած կառույցում լուրջ չի ընդունում։

Երրորդ իրավիճակ չի լինում։

Հետևությունները թողնում եմ ձեզ, հարգելի քաղաքացիներ։