Փաշինյանի «բրեգովիչյան» խրախճանքները, անօթևանները և ներդրումային կոլապսը


09:38 , 9 դեկտեմբեր, 2019

Երևանում ամանորյա միջոցառումների կազմակերպման համար ընդհանուր առմամբ հատկացվել է 325 797 100 դրամ կամ շուրջ 680 000 դոլար, որից 290 հազար դոլարը հատկացվելու է Գորան Բրեգովիչի համերգի ու Հանրապետության հրապարակում տեղադրված տոնածառի լույսերը վառելու համար։ Ինչպես կասեր հայտնի ֆիլմի հերոսը․ «За чей счет этот банкет ?»։

Թե ում հաշվին են գործող իշխանությունները՝ պարոն վարչապետի գլխավորությամբ, ով իր facebook-յան էջով է գովազդում Բրեգովիչի համերգը, իրենց թանկարժեք երազանքները կյանքի կոչում, բոլորին է հայտնի։ Ընդհանրապես, իշխանությունների` հարկատուներիս հաշվին վերջին շրջանում իրենց մատուցված «կայֆերը» բավական տգեղ են դիտվում։

Հարավային Կովկասի ամենահարուստ բյուջե ունեցող Հայաստանի մայրաքաղաքը անցյալ տարի իր ամանորյա զարդարանքով և ձևավորումով շատ հետ էր մնում և՛ Բաքվից, և՛ հատկապես Թբիլիսիից։ Հիշեցնեմ, որ անցյալ տարի Երևանի ամանորյա միջոցառումների համար հատկացված գումարը կազմել էր 222 351 800 դրամ, որից 71-85 միլիոն դրամը ծախսվել էր նոր տոնածառի ձեռքբերման և տեղադրման վրա։

Ի դեպ, երբ Հայաստանի իշխանություններն ուղղակի նախաամանորյա էքստազի մեջ են և իրենց «ծախսերի» մեջ չեն սահմանափակում, պաշտոնական տվյալների համաձայն՝ 2019 թ․-ի 9 ամիսներին Հայաստանի տնտեսության մեջ կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը կազմել են 32,6 միլիարդ դրամ կամ շուրջ 68 միլիոն դոլար. խոսքը մուտքերի և ելքերի տարբերության մասին է։ Դա այն գումարն է, որն ուղղակի ներդրումային հոսքերի արդյունքում մնացել է Հայաստանի տնտեսության մեջ։ Իսկ դա նշանակում է, որ դա ավելի քան 28,7 միլիարդ դրամով՝ մոտ 60 միլիոն դոլարով քիչ է, քան 2018 թ․-ի նույն ժամանակահատվածում։ Ըստ վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշների` անցած տարի դրանք կազմել էին 128 միլիոն դոլար։ Սա նշանակում է, որ Հայաստանում ներդրում անողներ գրեթե չկան։ Կապիտալի վերաբաշխման, պատերին ծեփելու, ասֆալտին փռելու հայտարարությունից հետո անսպասելի չէին այս արդյունքները։ Սակայն այս ժանտախտի ժամանակ մեր իշխանավորները՝ վարչապետի գլխավորությամբ, խրախճանք են կազմակերպում. պարոն Փաշինյանի սիրտը, եթե որոշ ժամանակ առաջ ընդամենը միայն լավ խորոված էր ուզում, ապա վերջերս չարթերային չվերթներով ԱՄՆ մեկնեց, Լա Սկալա գնաց, իսկ հիմա էլ Ամանորը Բրեգովիչի հետ դիմավորել է ուզում։

Դեմ չէի լինի պարոն Փաշինյանի բուրժուական կայֆերին, եթե ընդամենը մեկ օր առաջ իրեն բնորոշ ճարպկությամբ չփորձեր համոզել Գյումրիի 2805 տնակներում բնակվող ընտանիքներին, որ պետությունը հաջորդ տարի իր պարտականությունը անօթևանների դեմ կկատարի՝ 148 տնակերում բնակվող ընտանիքներին տուն կտրամադրի և վերջ։ Հետաքրքիր է, իսկ մյուսների մասով ի՞նչ է անելու պարոն Փաշինյանը, ով ընդդիմադիր եղած ժամանակ խիստ քննադատում էր նախորդներին, երբ վերջիններս ևս խոսում էին իրենց պարտականությունների մասին՝ արհամարհելով դե ֆակտո իրավիճակը։

Հ.Գ. Ըստ վերջին տվյալների` հեղափոխությունից հետո, երբ պետական պարտքը կազմում էր մոտ 6,7 միլիարդ դոլար, այժմ այն հասել է 7,3 միլիարդ դոլարի։