Մեր բանակցային դիրքորոշումը թույլ չի տալիս ակնկալել Արցախի անկախության միջազգային ճանաչում` ներկայիս սահմաններով. ՀՀ նոր իշխանությունները չեն հաղթահարել այս հակասությունը. Արման Մելիքյան


17:16 , 8 դեկտեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների Բրատիսլավայում կայացած հանդիպման շուրջ Tert.am-ը զրուցել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի հետ: Վերջինս կարծում է, որ արտգործնախարարներ Մնացականյանի և Մամեդյարովի բրատիսլավյան հանդիպման շրջանակներում կողմերի հրապարակավ հայտնած դիրքորոշումների վերլուծությունը բերում է այն եզրակացության, որ պաշտոնական Երևանն ու Բաքուն դեռևս շարունակում են կառուցել իրենց բանակցային մոտեցումները Մադրիդյան սկզբունքների տրամաբանության ու բանաձևումների շրջանակում:

- Պարո՛ն Մելիքյան, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպել են Բրատիսլավայում, հանդիպումը տևել է շուրջ 3.5 ժամ, և հայտնի չէ թե ինչ է քննարկվել. ի՞նչ վիճակում է հիմա բանակցային գործընթացը, ըստ Ձեզ, որևէ նոր բան կա՞ բանակցային գործընթացում: 

- Արտգործնախարարներ Մամեդյարովի և Մնացականյանի բրատիսլավյան հանդիպման շրջանակներում կողմերի հրապարակավ հայտնած դիրքորոշումների վերլուծությունը բերում է այն եզրակացության, որ պաշտոնական Երևանն ու Բաքուն դեռևս շարունակում են կառուցել իրենց բանակցային մոտեցումները Մադրիդյան սկզբունքների տրամաբանության ու բանաձևումների շրջանակում: Ահա այստեղ է, որ մենք դեռ շատ կարևոր անելիք ունենք: Բանն այն է, որ ադրբեջանական կողմի մոտեցումները ներդաշնակեցված են Մադրիդյան սկզբունքների հետ և, ադրբեջանական շահերի համատեքստում, դրանց համահունչ լուծում են նախատեսում Արցախի ապագա կարգավիճակի, հայ բնակչության անվտանգության ապահովման և փախստականների վերադարձի մասով: Ադրբեջանական դիրքորոշման հիմքում դրված է այն մոտեցումը, ըստ որի Հայաստանն ագրեսոր-պետություն է, ապօրինաբար զավթել է Ադրբեջանի տարածքի 20%-ը և եթե դուրս բերի իր զորքերն «ադրբեջանական» տարածքներից, ապա բոլոր խնդիրներն ինքնաբերաբար կլուծվեն: Պաշտոնական Երևանն առ այսօր չի կարողացել Մադրիդյան սկզբունքների շրջանակներում ձևակերպել իր բանակցային մոտեցումներն այնպես, որ Արցախի ներկայիս տարածքային ամբողջականության պահպանման գերկարևոր խնդրի լուծումն իրավաքաղաքական տեսանկյունից հակասության մեջ չմտնի Արցախի ապագա կարգավիճակի ճանաչման խնդրի հետ: Պարզ ասած՝ մեր բանակցային դիրքորոշումն այնպես է ձևակերպված, որ մենք չենք կարող ակնկալել Արցախի անկախության կամ ՀՀ հետ վերամիավորման միջազգային ճանաչումը` Արցախի ներկայիս սահմաններով:

- Կարծիք կա, որ բանակցային գործընթացում թե՛ ՀՀ վարչապետը, թե՛ ԱԳ նախարարը վերադարձել են Սերժ Սարգսյանի բանակցային ֆորմուլային, Դուք ի՞նչ եք կարծում: Կարելի՞ է ԱԳ նախարարի՝ Բրատիսլավայում կայացած ԵԱՀԿ 26-րդ նախարարական համաժողովի ելույթից նման եզրակացության գալ:

- Չեմ կարծում, որ ճիշտ է Մադրիդյան սկզբունքները կոչել Սերժ Սարգսյանի բանակցային ֆորմուլա, քանի որ դրանք ձևակերպվել են նախքան պարոն Սարգսյանի պաշտոնավարման սկիզբը: Չեմ բացառում, որ պարոն Սարգսյանը որոշակի մասնակցություն ունեցել է դրանցում տեղ գտած ձևակերպումների նախնական քննարկմանը, բայց բացառապես իր անվան հետ դրանք կապելը մեծ չափազանցություն կհամարեմ: Արձանագրեմ միայն, որ, ամեն դեպքում, ՀՀ նոր իշխանություններն, իրենց նախորդների պես, չեն կարողացել իմ կողմից վերը նշված հակասությունը հաղթահարել: Իսկ դա անհրաժեշտ է անպայման անել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ