Հնարավոր չէ պատկերացնել խորհրդարանական Հանրապետություն, եթե կուսակցությունները չունեն անհրաժեշտ դերակատարություն ու ազդեցություն․ Նորայր Նորիկյան


12:53 , 8 դեկտեմբեր, 2019
ժամանակին կուսակցությունները քաղաքական գործընթացների մեջ ունեին էֆեկտիվ դերակատարություն, եթե չասենք՝ վճռորոշ:
Գտնվելով քաղաքական գործընթացների կիզակետում՝ այսպես, թե այնպես, նրանք հանդիսանում էին կարևորագույն առանցք՝ քաղաքական պրոցեսների և քաղաքական գաղափարների գեներացման համար՝ պրոցեսների զարգացման ղեկը պահելով իրենց ձեռքում:
Հասարակական մտածողության փոփոխությանը զուգահեռ, կուսակցությունների մեջ ընդգրկված անհատներով սկսվեց կուսակցությունների վարկաբեկման ընթացքը, այնուհետև տեղի ունեցավ հակառակ գործընթացը. կուսակցությունները սկսեցին վարկաբեկել անհատներին, արդյունքում ստեղծված փակուղուց շահեցին սոցիալական մի քանի շերտերի ներկայացուցիչներ, որոնք ընդհանուր աղերս չունեին քաղաքականության հետ:
Արսենալում ունենալով բացառապես ոչ ֆորմալ ազդեցություն, նյութական միջոցներ ու իշխանական լծակներ, նշված շերտերի ներկայացուցիչներն աստիճանաբար սկսեցին ներազդել քաղաքական պրոցեսների հետագա ընթացքի վրա՝ հասարակությանը կանգնեցնելով փաստի առաջ՝ ամայացած քաղաքական համակարգին դեմ հանդիման, և կուսակցությունների դերակատարությունը դարձավ գրեթե աննշան կամ զրո:
Ինչու չէ, նման զարգացումները սնուցվում, ուժ էին ստանում հասարակական տրամադրություններից, որոշ չափով նաև՝ ակնկալիքներից:
Հասարակությունն ինքն էր փնտրտուքների մեջ՝ փորձելով գտնել առավել էֆեկտիվ գործիքներ՝ իր կյանքի որակն էապես փոխելու համար:
Կառավարման համակարգի փոփոխությունից հետո կուսակցությունների դերի բարձրացման խնդիրը կրկին դառնում է հրատապ, քանի որ հնարավոր չէ պատկերացնել խորհրդարանական Հանրապետություն, եթե կուսակցությունները չունեն անհրաժեշտ դերակատարություն ու ազդեցություն և չեն հանդիսանում խորհրդարանական կառավարման համակարգի զարգացման լոկոմոտիվը:
Իսկ սա նշանակում է, որ առաջիկա տարիների ընթացքում քաղաքական կյանքում որոշումների կայացման վրա ազդեցություն ունենալու, քաղաքական լծակներ ունենալու և իշխանություն ձևավորելուն մասնակցելու համար գործող կամ նոր ստեղծվելիք քաղաքական ուժերը պետք է ամեն ինչ անեն՝ իրենց ազդեցությունն ու էֆեկտիվությունը բարձրացնելու համար, որ հնարավոր լինի խնդիր լուծել, քաղաքական համակարգն առողջացնել և շարժվել առաջ՝ հանուն Հայաստանի…