Դիմացինների «թաթիկները» կտրելուց առաջ, հարկ է կտրել սեփական «թաթերը»: Այդպես ավելի արդար կլինի…


23:47 , 7 դեկտեմբեր, 2019

2020թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ ԱԺ ամբիոնից խոսելիս Փաշինյանը բավականին հետաքրքրաշարժ մտքեր արտահայտեց, մասնավորապես նշելով, որ «կառավարությունը չի եկել այս կաբինետներում նստել, որ հարստանա, այն եկել է այս կաբինետներում նստել, որ Հայաստանի Հանրապետությունը հարստանա, Հայաստանի Հանրապետության քաղաքացին հարստանա», ուստի «կկտրվի բոլոր այն ձեռքերը, որոնք մեր ազգային հարստությունից կփորձեն որևէ բան վերցնել, մեր զինվորից, թոշակառուից, ուսուցչից»…

Եթե իրոք այդպես է, ապա ինչո՞ւ է «արդարության» համար պայքարող Փաշինյանն իր նախարարների աշխատավարձերը մոտ 794 հազար դրամից հասցնում 1,5 միլիոն դրամի և այդ տեղեկությունը թաքցնում հանրությունից:

Ինչո՞ւ են ԱԺ պատգամավորներին ու աշխատակազմին մեկ տարվա ընթացքում մոտավորապես 1,9 միլիոն դոլար պարգևավճար շնորհում և կրկին գաղտնի պահում հանրությունից: Հատկանշականն այն է, եթե տարին ունի 12 ամիս և մինչ նոյեմբեր ներառում է 10 ամիս, ինչպես է ստացվում, որ պարգևավճար է տրվել 14 անգամ: Ստացվում է, որ եղել են ամիսներ, երբ պատգամավորներին և աշխատակազմին մի քանի անգամ են պարգևավճար տվել:

Էլ չեմ նշում պետական բյուջեի հաշվին պատգամավորների ու հենց վարչապետի անիմաստ «վոյաժների» համար հատկացվող գումարները և մարզպետների` «օրենքի սահմաններում» իրենք իրենց պարգևատրելու հանգամանքը… Նման բան նույնիսկ նախկիններն իրենց թույլ չէին տալիս: Ի՞նչ է սա, եթե ոչ թալան` իբրև թե օրինականացված ձևով…

Եվ այն դեպքում, երբ քաղաքական վերնախավի աշխատավարձերը բարձրացնում են աստղաբաշխական թվերով, հասարակ ժողովրդի աշխատավարձերը և թոշակները բարձրանում են 1000-ից 5000-ական դրամով, որն ի դեպ 2020թ.-ից սպասվող գնաճի ֆոնին ոչ մի կերպ չի թեթևացնելու ժողովրդի բեռը…

Թե որքանով է կառավարությունը կաբինետներում նստած հարստացնում Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, դատեք ինքներդ…

Հ.Գ. Դիմացինների «թաթիկները» կտրելուց առաջ, հարկ է կտրել սեփական «թաթերը»: Այդպես ավելի արդար կլինի…