Քաղաքապետի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանը կոպտել է լրագրողին, հրաժարվել պատասխանել հանրությանը հուզող հարցին ու անջատել հեռախոսը


21:16 , 7 դեկտեմբեր, 2019

Սիրելի՛ երևանցիներ, ԶԼՄ-ների հարգելի ներկայացուցիչներ,

Եվս մեկ անգամ ճանաչեք Երևանի քաղաքապետի մամլո խոսնակ կոչվող անձին

Բացի աշխատավարձից միլիոններով պարգևավճարներ ստացող, հարկատուների հաշվին 7 միլիոն դրամով ամանորին ընդառաջ ուտուշ-խմուշ անող պաշտոնյաները շաբաթ օրը հրաժարվում են պատասխանել լրագրողների հարցերին, կասեմ, թե ինչ պատճառաբանությամբ.

Երեկվանից համացանվում և մամուլում տասնյակ տարբերվող թվեր են շրջանառվում Երևանի՝ 2019թ. ամանորի ծախսերի վերաբերյալ։ Լրատվականները (այդ թվում՝ AntiFake.am-ը) շարունակում են իրենց շուրջօրյա աշխատանքը, հետևաբար շարունակվում է տեղեկությունների տարածումը:

Երեկվանից շրջանառվող տարբեր թվերը ճշգրտելու, ինչպես նաև ամանորյա ծախսերի վերաբերյալ հրապարակվելիք նյութում ծախսերի ճշգրիտ թիվը գրելու համար (AntiFake.am-ը հարցում էր ուղարկել Երևանի քաղաքապետարան ծախսերի վերաբերյալ տեղեկություններ ստանալուց համար, սակայն դրանից հետո տեղի է ունեցել Երևանի ավագանու արտահերթ նիստ, որով բյուջեն փոփոխվել է) AntiFake.am-ի լրագրողը զանգահարեց Երևանի քաղաքապետի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանին, ով զանգելու պարզաբանումը լսելուց հետո բավականին կոպիտ և ակնհայտ արհամարհական տոնով պատասխանեց. «Հաջողություն Ձեզ»։ Լրագրողի շփոթված հարցին «խոսնակ» կոչեցյալը ավելի կոպիտ տոնով շարունակեց. «Զանգեք երկուշաբթի օրով, լսե՛ք տիկին, եթե ձեզ ստիպում են աշխատել շաբաթ օրով, էն էլ ժամը 5-ին, իմացեք, որ ինձ չեն ստիպում և ես որևէ հանրային կարևորություն չեմ տեսնում շաբաթ երեկոյան ձեզ պատասխանեմ, էդ հարցին։ Էնպես որ, բարեկիրթ գտնվեք և ձեր խմբագիրներին էլ ասեք, որ դա բարեկիրթ լրագրություն չէ»։

Փաստորեն պարգևավճարներ ստանալ կարելի է, 7 միլիոնով երևանցիների հաշվին Բելաջիոյում կամ համարժեք ռեստորանում ուտել-խմել կարելի է, գռեհիկ, պաշտոնյային ոչ հարիր լեքսիկոնով խոսել կարելի է (հիշենք խնչող պաշտոնյային), իսկ 2 օր շրջանառվող Երևանի քաղաքապետարանին վերաբերվող և հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցին շաբաթ օրը ժամը 5-ին ոչ միայն չի կարելի պատասխանել, այլ նաև կարելի է լրագրողին կոպտել և հեռախոսը անջատել։

Ահա այն ամենը ինչ պետք է իմանալ ձեր հարկերի հաշվին ապրող Երևանի քաղաքապետի մամլո խոսնակ կոչվող անձի մասին։

Հ.գ. 1 - Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում հրապարակված չէ ավագանու արտահերթ նիստի որոշումը։
Հ.գ. 2 - AntiFake.am-ի՝ Երևանի 2019թ. ամանորյա ծախսերի վերաբերյալ նյութը հրապարակված է։ Ծախսերի անճշտությունների ողջ պատասխանատվությունը Երևանի քաղաքապետարանինն է, քանի որ այդ ծախսերը հանրությանը ներկայացնելու պարտականություն ունեցող անձը ոչ միայն չի բարեհաճում 2 օր մամուլում շրջանառվող թվերը ճշգրտել, այլ նաև շաբաթ օրը հրաժարվում է պատասխանել լրագրողների հարցերին։