Փաշինյանն իր կառավարությունը բրենդավորում է որպես ժողովրդի իշխանություն, բայց հասարակության դժգոհ շերտին վերագրում է «չուզողի սինդրոմ». «Փաստ»


11:18 , 7 դեկտեմբեր, 2019
«Փաստ» թերթը գրում է. «Պատմությունը ցույց է տալիս, որ քաղաքական գործիչների և քաղաքական ուժերի վարկանիշը և հասարակական վստահության մակարդակը փոփոխական և տատանվող երևույթներ են: 

Եվ այս հանգամանքին պետք է հատուկ ուշադրություն դարձնեն հատկապես իշխող քաղաքական ուժն ու դրա գործիչները: 

Խնդիրն այն է, որ յուրաքանչյուր իշխանություն, որը կարողացել է բարձր վստահության մակարդակ ձեռք բերել, սակայն քաղաքականությունը մշակելիս ժամանակի ընթացքում դադարել է առաջնահերթ հաշվի առնել ժողովրդի շահերը՝ կարծելով, թե իր վարկանիշը, միևնույն է, պահպանվում է, մեծապես սխալվել է, քանի որ ժողովրդի վստահությունը նման իշխանությունների նկատմամբ սկսում է կտրուկ իջնել: 

Եվ այս հարցում մեծ դերակատարություն կարող է ստանալ ընդդիմությունը, քանի որ իշխանության վարկանիշի նվազումն իր հետ բերում է ընդդիմության դերակատարության մեծացում: Սակայն շատ հաճախ իշխանություններին բնորոշ մեծամտությունը թույլ չի տալիս նկատել ընդդիմադիր ուժերի վարկանիշի բարձրացումը: 

Այսպես, 2018 թվականի դեկտեմբերի 9–ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքում, երբ երկրում էյֆորիկ տրամադրություններ էին իշխում, Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքին հաջողվեց ստանալ ձայների ճնշող մեծամասնությունը` 70 տոկոսից ավելին: 

Մեծ թվով ձայներ ստանալու արդյունքում է, որ Փաշինյանն իրենց իշխանությանը բրենդավորում է որպես ժողովրդի իշխանություն, որից էլ սկսվում է իշխանության անսխալականության բարդույթի ձևավորումը, երբ իշխանությունն իրեն նույնացնում է ժողովրդի հետ, սակայն ժողովրդի իշխանություն ասվածը խիստ հարաբերական է, քանի որ իշխանության ոչ ճիշտ քաղաքականության արդյունքում ժողովուրդը կարող է պահանջել այդ նույն իշխանության հրաժարականը: 

Եվ նշված բարդույթի ի հայտ գալու հետևանքով է, որ Փաշինյանը որոշել է ընդհանրապես հաշվի չնստել հանրության որոշ հատվածների մտահոգությունների հետ, որոնք վերաբերում են ամենատարբեր հարցերին: 

Ավելին, հասարակության դժգոհ շերտերին վերագրում է «չուզող հարևանի» սինդրոմը: 

Պարզ ասած՝ վարչապետն ասում է՝ մեր ժողովուրդը չուզող է: 

Ավելին, քիչ չէ, որ իշխանությունը հաշվի չի առնում որոշ քաղաքական ուժերի և քաղաքացիների մտահոգությունները, մի բան էլ դրանք արտահայտելու համար թիրախավորում է նրանց և այնպես ներկայացնում, թե նրանք ընդհանրապես որևէ աջակցություն չունեն ժողովրդի շրջանում, ուղղակի ռևանշիստական նկրտումներ են: 

Եվ պատահական չէ, որ երբ կրթության ոլորտում կառավարության կողմից տարվող քաղաքականությունից դժգոհությունը լայն թափ ստացավ, և ՀՅԴ-ական երիտասարդները սկսեցին պահանջել ԿԳՄՍ նախարարի հրաժարականը, իշխանությունները դժգոհ ուսանողների, դասախոսների, ՀՅԴ-ական երիտասարդների հետ կառուցողական երկխոսության մեջ մտնելու փոխարեն, կրթության ոլորտում իրենց քաղաքական ուղեգիծը համարեցին անբեկանելի և սկսեցին թիրախավորել նրանց և հատկապես ՀՅԴ-ին: 

Ուշագրավ է, որ ԱԺ-կառավարության հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով կրթության ոլորտի շուրջ առկա դժգոհություններին, նշեց. 

«Չի կարող որևէ նախարարի հրաժարական լինել քաղաքական 0 ազդեցություն ունեցող քաղաքական ուժի քմահաճույքի արդյունք։ 

Խոսքը քաղաքական ուժի մասին է, որը երկար տարիներ ՀՀ-ում եղել է ապօրինի կոռումպացված իշխանության կարևոր հենասյուներից մեկը, եթե ոչ ավելին»։ 

Ստացվում է, որ վարչապետ Փաշինյանը, որը հայտարարում էր, թե իր պաշտոնավարման ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի իրեն զգալու է որպես վարչապետ, շարունակում է հաշվի չնստել դժգոհ քաղաքացիների կարծիքների հետ, պիտակավորել նրանց, վիրավորել:

 Ընդ որում, հետևողականորեն թիրախավորվում են բոլոր նրանք, ովքեր ինչ-որ կերպ Փաշինյանի կամ իր թիմի «թանին թթու են ասել»:

 Այնպես որ, Փաշինյանի անսխալականության բարդույթը գնալով ավելի է խորանում, իսկ դա հանգեցնելու է իշխանության վարկանիշի էլ ավելի կտրուկ անկման: Եթե, իհարկե, անկման տեղ դեռ մնացել է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: