Հայտնաբերվել է քաղցկեղի անհայտ պատճառը


02:47 , 7 դեկտեմբեր, 2019

Գիտնականների միջազգային խումբը պարզել է, որ քաղցկեղի զարգացման ռիսկի վրա ազդում են այն ԴՆԹ-ի փոփոխությունները, որը նախկինում «անպիտան» էին անվանում: Գենոմի ոչ կոդավորող մասի և չարորակ ուռուցքների միջև նախկինում անհայտ կապի մասին հաղորդվում է EurekAlert-ի մամուլի հաղորդագրությունում:

Հետազոտողներն ուսումնասիրել են 846 միանուկլեոտիդային պոլիմորֆիզմներ (SNP) ԴՆԹ-ի ոչ կոդավորող հատվածներում, որոնք հայտնի են քաղցկեղի զարգացման հավանականության հետ իրենց կապով: Գենետիկները վերլուծել են որոշակի SNP-ի առկայության և գեների ակտիվության միջև կապը: Ընդհանուր առմամբ դիտարկվել է մոտ վեց միլիոն տարբեր գենետիկական տարբերակներ՝ օրգանիզմի 13 հյուսվածքներում:

Պարզվել է, որ որոշ SNP-ներ կապված են քաղցկեղածին գեների և ուռուցքների զարգացումը ճնշող գեների հետ:

Չնայած այն հանգամանքին, որ ոչ կոդավորող ԴՆԹ-ն հաճախ անպիտան են անվանում, վերջին տարիներին պարզ է դարձել, որ այն կատարում է կարգավորող գործառույթներ և որոշում է առանձին գեների ակտիվությունը: