Ո՞ւր են անհետանում Փաշինյանի գրառումները, և որքա՞ն աշխատող կա Հայաստանում (Photo)


11:13 , 6 դեկտեմբեր, 2019

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս տարվա սեպտեմբերին 10-ին և 12-ին իր facebook-յան էջում գրառումներ էր կատարել և տեղեկացրել, որ Հայաստանում, ըստ առաջին գրառման, գրանցված աշխատողների թիվը կազմում է 601 524, իսկ երկրորդի պարագայում` 606 040։ Սակայն պարոն Փաշինյանի կողմից երկու օրվա ընթացքում տարբեր տվյալների հրապարակումը կասկած առաջացրեց ինձ մոտ և որոշ ժամանակ անց Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի՝ 2019թ․-ի հոկտեմբերի 14-ի տնօրենի հաշվետվության տվյալներն ուսունասիրելիս պարզվեց, որ 2019թ․-ի օգոստոսի 31-ի դրությամբ Հայաստանում եղել է 438 640 աշխատող, որը 120 035-ով կամ 21,49 տոկոսով պակաս է 2018թ․-ի նույն ժամանակվա տվյալներից (2018թ․-ին Հայաստանում եղել է 558 675 աշխատող)։

Որտեղի՞ց է պարոն Փաշինյանը վերցրել 601 հազարից կամ 606 հազարից ավելի աշխատողների մասին տվյալները։ Ընդհանրապես, վերը նշված հիմնադրամի կողմից աշխատողների թվի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2018թ․-ի հուլիսին՝ 560 433 աշխատող, և երբևէ 600 հազարը չի հատել։ Հետաքրքիր է, կա՞ արդյոք Հայաստանում գեթ մեկ գրանցված աշխատող, որը չի վճարում 1000 դրամը բանակին, որ պարոն Փաշինյանի և Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տրամադրված տվյալների մեջ այսպիսի մեծ տարբերություն կա։ Կամ ինչո՞ւ է պարոն վարչապետի՝ 2 օրվա տարբերությամբ հրապարակած նույն թեմային վերաբերող տվյալների միջև 4516 աշխատողի տարբերություն կա։

Մեկ «նույնաբովանդակ» փաստ ևս․ 2019թ․-ի օգոստոսի 14-ին Հայաստանի վարչապետ Ն. Փաշինյանը գրառում է կատարել, ըստ որի՝ 2019թ․-ի հունվար-հունիս ամիսներին Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին իրականացված պարտադիր վճարումները 2018թ․-ի հունվար-հունիսի ցուցանիշը գերազանցել են 347,8 միլիոն դրամով կամ 9,9 տոկոսով։ Սակայն նույն հիմնադրամի տնօրենի՝ 2019թ․-ի հոկտեմբերի 14-ի հրապարակած տվյալներից պարզվում է, որ աճն իրականում ընդամենը 25 միլիոն 287 հազար դրամ է։ Կարող է պարոն Փաշինյանը գիտենա՝ ո՞ւր անհետացավ 322 միլիոն 513 հազար դրամը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս է, մեղմ ասած, չճշտված տվյալներ տեղադրել իր facebook-յան էջում։ Սակայն վերջին բացահայտումը՝ կապված Հայաստանում աշխատողների քանակի հետ, և պարոն Փաշինյանի facebook-յան էջի ստուգումն ապացուցեց, որ Հայաստանի վարչապետը միտումնավոր է մանիպուլյացիայի ենթարկում իր էջի հետևորդներին և կեղծ տվյալներ տեղադրում։ Այո՛, այլ բացատրություն չեմ կարող տալ այս թվային աճպարարությանը, քանի որ պարզվեց` պարոն Փաշինյանի որոշ գրառումներ ինչ-որ ժամանակ անց անհետանում են. հրապարակված ոչ մի գրառում պարոն Փաշինյանի էջում հիմա չկա կամ հասանելի չէ բոլորի համար։

Հ.Գ. Հետևությունները թողնում եմ Ձեզ։