Ինչպե՞ս վարվեց Ստալինն իր անչափահաս դստեր սիրեկանի հետ. ողջ ճշմարտությունը ԽՍՀՄ առաջնորդի սարսափելի հայրական խանդի մասին


17:30 , 6 դեկտեմբեր, 2019

Հայրենական մեծ պատերազմի ամենաթեժ տարիներին ստացվեց այնպես, որ Ստալինի 16-ամյա դուստրը՝ Սվետլանան, հանկարծ սիրահարվեց հայտնի սցենարիստ, 23-ամյա Ալեքսեյ Կապլերին, ով ևս մինչև ականջների ծայրը սիրահարված էր ԽՍՀՄ առաջնորդի դստերը։ Ինչպե՞ս վարվեց Ստալինն իր անչափահաս դստեր սիրեկանի հետ։ 

Սվետլանան, ով մահացավ ԱՄՆ-ում 2011թ.-ին, հասցրել էր գրել մեմուարներ, որոնցում պատմում էր ողջ ճշմարտությունը իր սիրելիի ճակատագրի մասին։ Նա պատմում էր, որ 1942 թ.-ին իր եղբայրը, չնայած թեժ ճակատամարտերին, կազմակերպում էր խնջույքներ, որոնց ներկա էին գտնվում նրա ամենամոտ ընկերներն ու իրենց շրջապատի ամենահայտնի դեմքերը։ Այդ խնջույքներից մեկի ժամանակ էլ հենց Սվետլանան հանդիպեց Ալեքսեյին, ու նրանց մեջ անասելի ձգողություն առաջացավ։ Աղջիկը չէր կարողանում աչքը կտրել տաղանդավոր սցենարիստից, իսկ վերջինս էլ հիանում էր միայն 16-ամյա աղջկա շքեղությամբ։ 

Իրենց ծանոթության հաջորդ օրվանից սկսած՝ այս երկուսը պարբերաբար հանդիպում էին ու հասկանում էին, որ իրենց սերն ավելի մեծ է, քան կարելի է պատկերացնել։ Ստալինն, ինչպես որ ԽՍՀՄ ամբողջ էլիտան, բավականին լավ տեղեկացված էր դստեր ու Ալեքսեյի սիրային կապի մասին, սակայն դեռ ոչինչ չէր ձեռնարկում։ Մի օր էլ Ալեքսեյին տեղեկացրին, որ նա պիտի լքի Մոսկվան ու մեկնի գործուղման։ Ալեքսեյը լսեց հրահանգն ու մեկնեց Մոսկվայից՝ չկասկածելով, որ դժբախտությունները դեռ առջևում են։ 

Շուտով երիտասարդը սկսեց Սվետլանային նամակներ գրել, որոնք, մեղմ ասած, սիրային բովանդակություն ունեին, ու երբ ԽՍՀՄ առաջնորդի ձեռքն ընկան դրանցից մի քանիսը, նա այլևս չկարողացավ զսպել իր կատաղությունը։ Մի քանի օր հետո Ալեքսեյ Կապլերին ձերբակալեցին՝ մեղադրելով նրան լրտեսության մեջ։ Ալեքսեյն, իհարկե, միանշանակ ժխտեց տարածված բոլոր լուրերը, սակայն դժվար թե որևէ մեկը հավատար նրան։ Նրան 5 տարով բանտարկեցին։ Ստալինը հրահանգեց Սվետլանային ուղղակի մոռանալ նրա մասին։ 

5 տարի անց Ալեքսեյին ազատ արձակեցին, ու նա որոշեց, որ պետք է տեսնի իր սիրելիին, չնայած Սվետլանան արդեն ամուսնացած էր։ Արդյունքում նրան երկրորդ անգամ ձերբակալեցին առանց թույլտվության Մոսկվա վերադառնալու համար։ Այս անգամ ևս նա ձերբակալվեց 5 տարի ժամկետով։ Վերջնական ազատումից հետո Ալեքսեյը սկսեց զբաղվել բուռն ստեղծագործական գործունեությամբ։ Նա ամուսնացավ ու ապրում էր ինչ-որ առումով երջանիկ կյանքով։ 

Նրա ու Սվետլանայի պատմական հանդիպումը տեղի ունեցավ 1954թ.-ին, երբ երկուսը, հազարավոր մարդկանց մոռանալով, նկատեցին իրար ու առանձնացան։ Ներկաները վկայում են, որ նրանք երկար զրուցում էին իրենց ճակատագրի ու ապրած տարիների մասին։ Ալեքսեյը կյանքի վերջին տարիներին սկսեց հաղորդում վարել, իսկ Սվետլանան ամուսնու հետ տեղափոխվեց Հնդկաստան՝ քաղաքական ապաստարան խնդրելու։ Ի վերջո, Ստալինի խանդը հաղթեց, ու 10 տարվա բանտարկությունն արեց իր սև գործը․ Սվետլանան ու Ալեքսեյը այդպես էլ միասին չեղան։ Ալեքսեյը հետագայում պետք է նշեր. «Դա սեր էր, որն ինձ արժեցավ 10 տարվա բանտարկություն»։