«Ազգային անվտանգության նոր ռազմավարության նախագծում մեկ առանձին գլուխ հատկացված է Արցախին»


04:30 , 6 դեկտեմբեր, 2019

168.am-ը գրում է.

ՀՀ Անվտանգության խորհրդից պատասխանել են 168.am-ի գրավոր հարցերին

 Ո՞ր փուլում են Ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակման աշխատանքները, ե՞րբ այն պատրաստ կլինի։

– Ազգային անվտանգության նոր ռազմավարության նախագիծը գտնվում է առանձին հատվածների մշակման փուլում, որի շրջանակներում Անվտանգության խորհրդի գրասենյակի համակարգմամբ շարունակաբար տեղի են ունենում աշխատանքային հանդիպումներ և քննարկումներ փորձագիտական, քաղաքացիական, քաղաքական, ակադեմիական հանրության ներկայացուցիչների հետ։ Ըստ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հուլիսի 16-ի N 935-Ա որոշման՝ հանձնարարվել է Ազգային անվտանգության նոր ռազմավարության նախագիծը մեկ տարվա ընթացքում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քննարկմանը։ Նախատեսվում է աշխատանքներն ավարտել հնարավոր սեղմ ժամկետներում, որի մասին կտեղեկացվի հանրությանը։

 Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը, որքանո՞վ են Արցախի ղեկավարությունը և մասնագետները մասնակցում Ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակման աշխատանքներին։ Ի՞նչ առաջարկներ են արվել նրանց կողմից քննարկումների ժամանակ՝ նպաստելու Արցախի անվտանգության ամրապնդմանը։

– Ազգային անվտանգության նոր ռազմավարության նախագծում մեկ առանձին գլուխ հատկացված է Արցախին, որը մշակման նախնական փուլում է, և նախատեսվում են աշխատանքային հանդիպումներ, քննարկումներ Արցախի պետական մարմինների և հասարակական-վերլուծական շրջանակների ներկայացուցիչների հետ։

 Արտաքին ի՞նչ սպառնալիքներ են ավելացվել մշակման փուլում գտնվող ռազմավարության մեջ, որոնք գործող փաստաթղթում բացակայում են։ Ի վերջո, աշխարհաքաղաքական իրավիճակ, պատկեր է փոխվել, ինչը նոր սպառնալիքներ է առաջ բերել։

– Ընդհանուր առմամբ, Հայաստանի Հանրապետության արտաքին սպառնալիքները և մարտահրավերները ներկայացվում են Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրի տեսանկյունից։

Ազգային անվտանգության նոր ռազմավարության առանցքային շեշտադրումն այն է, որ աշխարհաքաղաքական սրընթաց փոփոխությունների պայմաններում Հայաստանի Հանրապետության համար առաջնային է դառնում զարգացնել երկրի ներքին և արտաքին դիմակայունությունը՝ բոլոր ոլորտներում նոր, անկանխատեսելի մարտահրավերներին միշտ պատրաստ լինելու և արդյունավետորեն արձագանքելու համար։

Հարկ է նշել, որ Ազգային անվտանգության նոր ռազմավարության մեջ առանձին գլխով անդրադարձ է կատարվում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման արտաքին և պաշտպանական քաղաքականությանը, որի վերաբերյալ հանրության լայն շերտերին առավել մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից նախագծի տվյալ հատվածի ձևակերպումների շուրջ համընդհանուր համաձայնություն ստանալուց հետո՝ ամբողջ փաստաթղթի տրամաբանության համատեքստում։