Մարդիկ, ովքեր որոշակի երաժշտություն լսելիս փշաքաղվում են, յուրօրինակ առանձնահատկությամբ են օժտված


08:09 , 6 դեկտեմբեր, 2019

Լավ երաժշտությունը կարող է երանության զգացողություն առաջացնել, որը հայտնի է որպես ֆրիսոն կամ «մաշկային օրգազմ»։ Այսօր կպատմենք հենց այս երևույթի մասին։

Պատահե՞լ է ձեզ հետ, որ որոշակի երաժշտություն լսելիս փշաքաղվեք։ Եթե այո, ուրեմն դուք յուրօրինակ առանձնահատկությամբ եք օժտված։

Այս զգացողությունը ստացել է «ֆրիսոն» անվանումը՝ ֆրանսերեն frisson (դողալ) բառից, որ բառացիորեն «էսթետիկ դող» է նշանակում։

«Որոշ հետազոտողներ այս ապրումը «մաշկային օրգազմ» են անվանում»,- գրում է պրոֆեսոր Միտչել Քոլվերը՝ Յուտայի համալսարանից։

Ինչո՞ւ դա չեն կարող զգալ բոլորը

Հետազոտությունները ապացուցում են, որ ֆրիսոն կյանքում գոնե մեկ անգամ զգացել է բոլոր մարդկանց երկու երրորդը։

Հետազոտողները նաև ենթադրել են, որ լսողի առավել ներգրավվածությունը լսելու գործընթացին առաջին հերթին կախված է նրա անձի տեսակից։

«Այս ենթադրությունը ստուգելու համար հետազոտության մասնակիցներին միացրել են մաշկի որոշակի ցուցանիշներ չափող սարքին։ Դրանից հետո մասնակիցները մի քանի երաժշտական ստեղծագործություն են լսել, այդ թվում Air Supply-ի երգերը, Հանս Ցիմերի երաժշտությունը, ինչպես նաև Շոպենի դասական ստեղծագործությունները»,- պատմում է Սեմ Մերֆին Music Feeds-ից։

Ենթադրվում էր, որ այդ ստեղծագործություններից յուրաքանչյուրում մի գրավիչ կամ կուլմինացիոն պահ կար, որ կարող էր ֆրիսոն առաջացնել։

Փորձի մասնակիցներին խնդրել են անձի վերաբերյալ թեստ անցնել, որից հետո Քոլվերը եզրակացրել է, որ ֆրիսոն զգացող մարդկանց համար բնորոշ է այնպիսի առանձնահատկությունը, ինչպիսին է «բաց լինելը նոր փորձի նկատմամբ»։

«Հետազոտությունները ցույց են տալիս, որ անհատի տվյալ գծով օժտված մարդիկ բնորոշվում են արտասովոր ակտիվ երևակայությամբ, գնահատում են գեղեցկությունը, նոր զգացողություններ են փնտրում, հաճախ են խորհում իրենց զգացմունքների մասին և կյանքում գնահատում են բազմազանությունը»,– ընդգծել է Քոլվերը։ Քոլվերը ապացուցել է, որ երաժշտության նկատմամբ նման արձագանքի հավանականությունը կախված է մարդու ոչ թե զգայական, այլ ինտելեկտուալ մակարդակից։ Օրինակ, երբ մարդը փորձում է պատկերացնել, թե ինչպիսի զարգացում է ունենալու երաժշտությունը, կամ փորձում է իր գիտակցության մեջ պատկերել երաժշտությունը։

Այդպիսով, մարդիկ, որոնք բառացիորեն մխրճվում են երաժշտության մեջ՝ նաև մտքով նրա հետ լինելով, ավելի հաճախ են «մաշկային օրգազմ» ապրում, քան նրանք, ովքեր երաժշտությունը պարզապես որպես հաճելի ֆոն են ընկալում։