«Ես շատ եմ ուզում, որ հասկանանք՝ այս երկրի զարգացման ճանապարհը և ուժը գյուղերի մեջ է նաև». Հերմինե Ստեփանյանը պատմել է իր նոր նախագծի մասին


16:00 , 5 դեկտեմբեր, 2019

Հերմինե Ստեփանյանի «Life is Beautiful with Hermine Stepanyan» խորագիրը ունեցող նախագիծը գյուղերը զարգացնելու և և մեր Հայաստանի գեղեցիկ և չբացահայտված վայրերը ցույց տալու մասին է: Նախագծի երաժշտությունը գրել է Հայկոն, իսկ գլխագիրը պատրաստվել է Ֆրանսիայում: «Ճանապարհորդելը իմ կյանքի մի մասն է, և մի պահ ես հասկացա՝ այն, ինչ ես անում եմ, պետք է արձանագրել տեսախցիկով: Շատ սիրում եմ հատկապես ճանապարհորդել մեքենայով, չնայած ոչ բարվոք ճանապարհներին դա ինձ չէր խանգարում: Իմ բոլոր ընկերները կփաստեն, որ ճանապարհորդելիս սիրում եմ շփվել անծանոթ մարդկանց հետ, մանավանդ եթե նրանք գյուղի մարդիկ են»,-BlogNews.am-ի հետ զրույցում պատմել է Հերմինեն։

Հերմինեն յոթ տարի ապրել է Տավուշում, ասում է՝ այս հաղորդումը հենց այնպես չէ, որ սկսել է. «Ինձ իսկապես մեր գյուղերում եղած խնդիրներն անհանգստացնում են, ցանկացած լավ բան՝ ուրախացնում: Այդ ճանապարհորդություններից մեկի ժամանակ մտածեցինք, թե ինչպես կարող է այս ամենը հետաքրքիր լինել մարդկանց: Բացի պատմամշակութային կոթողներից՝ կան շատ հետաքրքիր վայրեր, որոնց մասին շատերը պարզապես չգիտեն: Գյուղերում շատ մարդիկ կան, որ սկսել են գնահատել իրենց հողի ուժը, ավանդույթները, խոհանոցը»:

Երեք հաղորդում նկարահանվել է Հերմինեի ուժերով, որից հետո հաղորդումը տեսել է «Ինտեգրված գյուղական տուրիզմի զարգացման» ղեկավարը և որոշել միասին շարունակել հաղորդումը. «Ես աշխատում եմ ուշադրության կենտրոնում պահել մշակութային այն օջախները, որոնք դուրս են մնացել հանրության ուշադրությունից: Երբ ցույց տվեցի Մեծամորի թանգարանը, որտեղ պահվում են ոսկիներ, բոլորը զարմացել էին: Երբ գնացի Գյումրի, նկարեցինք Հայաստանի առաջին մանկական թատրոնը՝ Ստեփան Ալիխանյանի անվան: Որոշեցի, որ պետք է Գյումրի գնացքով գնամ։ Դա օրինակ է նրա, որ պարտադիր չէ ճանապարհորդել մեքենայով, կան այլ տարբերակներ: Գյումրիից էլ, 150 դրամ վճարելով, հայտնվում ես Ջաջուռում, իսկ Պեմզաշեն գյուղ գնացել եմ ավտոստոպով, ինչը շատ ընդունված է»։

Հաղորդումն արդեն սիրվել է, իսկ արձագանքներն արդեն դրական են. «Ես շատ կուզեի, որ տուրիստական կենտրոնները հասկանային, որ այս հաղորդումը պատրաստի ուղեցույց է իրենց համար: Ես ցույց եմ տալիս Բյուրականը, Ամբերդը, որտեղ ես շատ հետաքրքիր բաներ եմ պատմում, որոնք դժվար թե Վիքիպեդիայում գտնեք: Ամբերդից գնում եմ մի տուն, որտեղ կա գաստրո բակ և իրենց մառանի գինին ու յուրօրինակ ճաշն են հյուրասիրում: Այնտեղից կարող եք գնալ Արագած՝ ոչ թե խաշ ուտելու, այլ բույսերով թեյ խմելու: Թվում է, թե ճամփորդական հաղորդում է, բայց իրականում գյուղերի զարգացման համար է»։

Հերմինեն յուրաքանչյուր նոր գյուղ կամ տարածաշրջան գնալիս որոշում է, որ հենց այդտեղ պետք է փոքրիկ տուն ունենա: Ասում է նաև, որ երբ գյուղի կամ փոքր քաղաքի մասին պատմում է, մարդկանց մոտ տպավորություն է ստեղծվում, թե նա այդ տարածաշրջանից է. «Ես, տավուշեցի լինելով հանդերձ, դեռևս Տավուշին չեմ անդրադարձել, բայց կարծում եմ՝ շուտով կանդրադառնամ: Տավուշն ինձ համար շատ կարևոր թեմա է, որին պետք է լավ պատրաստվեմ․ հույս ունեմ, որ մարզպետը կմիանա մեզ: Առհասարակ, ես այն կարծիքին եմ, որ այս նախագծի շուրջ պետք է հավաքվեն բոլոր մարզպետարանները․ իրենք ունեն և գիտեն այնպիսի բաներ, թե որ կողմով կցանկանա զարգացնել: Ես շատ ուզում եմ, որ հասկանանք, որ այս երկրի զարգացման ճանապարհը և ուժը գյուղերի մեջ է նաև»:

                      Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի