ԱՄՆ հետաքրքրությունները Սիրիայում ընդհանուր ակնարկ․ պայքար ահաբեկչության դեմ


13:50 , 5 դեկտեմբեր, 2019
Սիրիական հակամարտությունը ընթանում է ավելի քան 8 տարի՝ 2011 թվականի մարտից։ Քաղաքացիական պատերազմը ժամանակի ընթացքում վերածվեց տասնյակ պետությունների, զինված խմբավորումների, ահաբեկչական կազմակերպությունների շահերի բախման կետի։ Այս ընթացքում, ըստ տարբեր հաշվարկների, քաղաքացիական պատերազմի և տարատեսակ ռազմական գործողությունների արդյունքում շուրջ 80.000 մարդկային զոհեր են եղել և 1.4 մլն մարդ ստիպված են եղել բռնելու գաղթի ճամփան։ «Soufan Group (TSG)»-ի զեկույցի տվյալներով, այս հակամարտության մեջ ներգրավված են առնվազն 81 պետություն, ներառյալ Արևմտյան երկրները, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Բրիտանիան, և Ֆրանսիան, օտարազգի մարտիկների մեծամասնությունը Սիրիայում Սաուդյան Արաբիայից, Հորդանանից և Ալժիրից են։ Դեռևս 2013թ․ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նշել էր, որ ԱՄՆ-ն ունի ինչպես բարոյական պարտավորություն, այնպես էլ ազգային անվտանգությամբ պայմանավորված շահեր Սիրիայում։ Նախ, վերջ տալու Սիրիայում իրականացվող արյունահեղությանը, ապա ապահովելու Սիրիայի կայունությունը, սիրիական ժողովրդի ներկայացվածությունը և կանխելու իր հարևանների համար քաոսային իրավիճակի ստեղծումը։

ԱՄՆ-ի մուտքը Սիրիա պայմանավորված էր այն հանգամանքով, որ 2014թ․ հունիսին Իսլամական պետություն (ԻՊ) ահաբեկչական խմբավորումը հռչակեց իր խալիֆայության ստեղծումը Սիրիայի և Իրաքի տարածքներում։ «ԻՊ»-ն դարձավ մարդկության պատմության ամենահզոր և կազմակերպված ահաբեկչական խմբավորումը։ Իր ֆինանսավորման մեծ մասը «ԻՊ»-ն ստանում էր գրավյալ տարածքների բնական և այլ ռեսուրսների վաճառքից։ Օրական միայն 2 մլն․ ԱՄՆ դոլար ստացվում էր հարևան երկրների սև շուկաներում նավթ վաճառելուց։ Սիրիայում և Իրաքում ավելի քան 11 նավթահորեր «ԻՊ»-ի տիրապետության տակ անցան, բայց նավթը միակ գողացված ռեսուրսը չէր, որից «ԻՊ»-ն շահույթ էր ստանում։ Մեծ գումարներ էին ստացվում նաև «ԻՊ»-ի տիրապետության տակ գտնվող Իրաքի ամենահարուստ նահագների հացահատկի բերքից։ Ըստ որոշ տվյալների ամսական ևս 12մլն․ ԱՄՆ դոլար ստացվում էր առևանգումների դիմաց փրկագին պահանջելուց, շորթումներից, բանկերի թալաններից, տեղական հարկերից, հնարժեք իրերի մաքսանենգություններից, որոնք վաճառվում էին Թուրքիայում և Իրաքում։ Բացի այդ, կապիտուլացված իրաքյան զորքերի կողմից թողնված ամերիկյան արտադրության զենքերը ևս հայտնվել էին «ԻՊ»-ի ձեռքում ։ 2014թ․ սեպտեմբերին նախագահ Բարաք Օբաման Սիրիայում «ԻՊ»-ի դեմ օդային օպերացիա սկսեց։ Դրանից մեկ ամիս առաջ Իրաքում օդային գրոհներ «ԻՊ»-ի դեմ արդեն իսկ իրականացվում էին։ Իսկ արդեն 2015թ․ վերջին ԱՄՆ ցամաքային ուժերը մուտք գործեցին Սիրիա՝ սկզբնապես կազմված լինելով 50 հոգուց, որոնց թիվն ավելացավ՝ հասնելով ավելի քան 2000-ի։

Այսպիսով, ԱՄՆ մուտքը Սիրիա պաշտոնապես հիմնավորվեց «ԻՊ»-ի ոչնչացմամբ և դա իրականացնելու համար ԱՄՆ ստանձնեց «ԻՊ» դեմ կոալիցիոն ուժերի ղեկավարումը, որի մեջ ներառված են ավելի քան 60 պետություն։ Ի տարբերություն Օբամայի վարած քաղաքականության, ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը չի համարում, որ ԱՄՆ-ի Սիրիայում գտնվելը իր երկրի բարոյական պարտականությունն է։ Նա կարծում է, որ ԱՄՆ-ն գումարներ է զուր վատնել Մերձավոր Արևելքում չստացված պետականաշինության վրա, և որ տարածաշրջանային դաշնակիցների գործունեությունն ու ծախսած գումարները Սիրիայում անհամեմատ քիչ են։ Դեռ 2013թ․, երբ Օբամայի կողմից ակնկալվում էր ռազմական ուժի կիրառում ի պատասխան Ասսադի կողմից քիմիական զենքի ենթադրյալ կիրառմանը, Թրամփն իր թվիթերյան էջում գրել էր․ «Մի գրոհեք Սիրիան, ամրապնդեք ԱՄՆ-ն»։ Թրամփը գիտի, որ իր ընտրողները չեն ցանկանում տեսնել, թե ինչպես է ԱՄՆ-ն ներգրավվում Մերձավոր Արևելքի մեկ այլ պատերազմում։ Նա ցանկանում է ամրապնդել ամերիկյան ենթակառուցվածքները, այլ ոչ թե վճարել այլ երկրների վերակառուցման համար։ Ի դեպ նախընտրական փուլում Թրամփը մեղադրում էր Օբամային և նախկին պետքարտուղար Քլինթոնին՝ մերձավորարևելյան քաղաքականության տապալման մեջ, ինչը պարարտ հող նախապատրաստեց «ԻՊ»-ի ձևավորման համար։

2017թ․ հունվարի 20-ին ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Թրամփը վերաիմաստավորեց Սիրիայում ԱՄՆ քաղաքականությունը։ Մանսավորապես՝ 2018թ․ ԱՄՆ-ի շահերը Սիրիայում պայմանավորված էին հետևյալ հանգամանքներով․
1. «ԻՊ» վերջնական ոչնչացում,
2. Սիրիայի քաղաքացիական պատերազմի քաղաքական կարգավորում,
3. Իրանի հրամանատարության տակ գտնվող ուժերի դուրսբերում,
4. Ասսադի հեռացում իշխանությունից

Նախագահ Թրամփի գլխավոր նպատակներից մեկն էր Սիրիայից ԱՄՆ զորքերի հնարավորինս արագ դուրսբերումը, ինչը լուրջ ընդվզում էր առաջացնում իր իսկ վարչակազմի մի շարք պաշտոնյաների մոտ։ Մասնավորապես, ԱՄՆ նախկին պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, ով դեռ 2018թ․ հունվարին ասաց, որ «ԱՄՆ կշարունակի ապահովել իր ներկայությունը Սիրիայում կանխելու «ԻՊ» հնարավոր վերադարձը»։ Շատ ժամանակ չանցած, 2018թ․ մարտին Թիլերսոնը պաշտոնից հեռացավ, իսկ նախագահ Թրամփը հայտարարեց Սիրիայից ԱՄՆ զորքերի մոտալուտ դուրսբերման մասին։ 2018թ․ դեկտեմբերի 19-ին Թրամփը հրամայեց դուրս բերել ամերիկյան զորքերը Սիրիայից։ Այդ որոշումը մեծ քննադատությունների առիթ հանդիսացավ և հանգեցրեց Պաշտպանության քարտուղար Ջեյմս Մեթիսի հրաժարականին ։ Զորքերն անմիջապես դուրս բերելու Թրամփի որոշմանը հակադրվեց նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն իր այն հայտարարությամբ, որ ԱՄՆ-ն զորքերը դուրս չի հանի Սիրիայից մինչև «ԻՊ» վերջին մնացորդները պարտության չմատնվեն և ԱՄՆ-ն չստանա Թուրքիայի հավաստիացումներն առ այն, որ Հյուսիսային Սիրիայում քրդերն ապահով կլինեն։ Պատահական չէ, որ Թրամփի 2019թ․ զորքերը դուրս բերելուց մեկ ամիս անց Բոլթոնը հրաժարական տվեց, իսկ Թրամփը պայմանավորեց այդ հրաժարականը Բոլթոնի մի շարք տեսակետների հետ տարաձայնություն ունենալով։ Ըստ էության, Սիրիայից զորքերի դուրս բերման պայմանների շուրջ Բոլթոնի անհամաձայնությունը այդ տարաձայնություններից մեկն էր։

Հունվարի սկզբին Սիրիայից սկսվեց դուրս բերվել միայն զինտեխնիկան, բայց ոչ զորքերը, իսկ փետրվարի վերջին Սպիտակ Տունը հայտարարեց, որ ԱՄՆ Սիրիայում կթողնի մոտ 400 զինվորական հակառակ Թրամփի դեկտեմբերին արված հայտարարությանը։

Ռուսաստանի և Իրանի ազդեցության կրճատման անհրաժեշտությունը

Սիրիայի ղեկավարության և Իրանի կառավարության միջև կապը՝ բացի քաղաքականից, ունի նաև կրոնական բաղադրիչ։ Թեև Սիրիայի բնակչության մեծամասնությունը իսլամի սունի ուղղության հետևորդ է, այնուամենայնիվ, Ասսադի ընտանիքը Ալավիզմի ներկայացուցիչներ են, որը շիա ուղղության մաս է։ Պատահական չէ, որ Իրանի իշխանությունները աջակցություն են ցուցաբերում հենց Ասսադի վարչակազմին, որը նաև պայմանավորված է կրոնական հանգամանքով։ «American Foreign Policy Council»-ի փոխնախագահ Իլան Բերմանի խոսքերով կա ևս մեկ հանգամանք, որ միավորում է Սիրիային և Իրանին, դա «հաջորդ Իրաքը չդառնալն է»։ Երկու երկրները դեռ 2004թ․ կնքել են «Պաշտպանության վերաբերյալ» համաձայնագիր։

Միաժամանակ, Սիրիան Իրանի համար տարածաշրջանի բացառիկ դաշնակիցներից է, իսկ Ասսադը այդ առումով առավել կարևոր նշանակություն է ձեռք բերում Իրանի համար։ Ըստ Ալի Անսարիի` հակամարտության սկզբնական փուլում Իրանը սահմանափակվում էր Սիրիական վարչակարգին տեխնիկական և ֆինանսական աջակցություն ցուցաբերերելով, հիմնականում այն տրամադրելով Ալ-Քուդս ուժերի միջոցով։ 2012թ․ վերջին այդ ուժերը մեծ դեր ունեցան Ազգային պաշտպանության ուժերի ձևավորման գործում։ Վերջինս իրենից ներկայացնում էր սիրիական կիսառազմականացված կազմակերպություն, որն աջակցում է կանոնավոր բանակին և հավաքագրում մոտ 100 հազար մարտիկների կրոնական տարբեր հոսանքներից։ Այն ենթադրաբար ֆինանսավորվում և ղեկավարվում է Իրանի կողմից։ 2011-2013թթ ընթացքում, երբ իրավիճակը Սիրիայում վատթարանում էր, Իրանն իր իրավապահ ուժերի անդամներին և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին («IRGC», որը ԱՄՆ նախագահ Դ․ Թրամփը ճանաչել է որպես ահաբեկչական կազմակերպություն) ուղարկեց Սիրիա` սիրիական բանակին աջակցություն ցուցաբերելու նպատակով։ Մինչ 2016թ․ Սիրիայում իրանական զորքերի թիվը տատանվել է 6500-9200-ի սահմաններում։

ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների, մասնավորապես` Իսրայելի և Սաուդյան Արաբիայի համար, Իրանը Մերձավոր Արևելքում ամենամեծ մարտահրավերն է, մասնավորապես՝ հաշվի առնելով տարածաշրջանում ԱՄՆ ազդեցության նվազեցմանն ուղղված Իրանի հետևողական քաղաքականությունը։

Բնական է, որ Իրանի ներկայությունը Սիրիայում ոչ միայն անհանգստացնում է ԱՄՆ-ին, այլև վերջինիս ռազմավարական դաշնակից Իսրայելին։ Իսրայելի պաշտոնյաները իրանական զորքերի տեղակայումը Սիրիայում, մասնավորապես՝ հարավարևմտյան հատվածում, որը մոտ է Իսրայելի հյուսիսային սահմանին, դիտարկում են՝ որպես Իսրայելի անվտանգության ուղղակի և լրջագույն սպառնալիք։ Այս հանգամանքը լրացուցիչ խթան է Իսրայելի համար հստակ գործողությունների դիմելու և ռազմավարական դաշնակցից պահանջելու շարունակական ներկայություն ապահովել Սիրիայում։ Այս համատեքստում, բնականաբար Սիրիայից ԱՄՆ զորքերի դուրս բերումը մտահոգությունների տեղիք է տալիս առ այն, որ դրա արդյունքում «ԻՊ»-ն կարող է վերստին ամրապնդել իր դիրքերը, իսկ Իրանը առավել ակտիվ գործողություններ իրականացնել տարածաշրջանում առաջնային դիրքեր զբաղեցնելու հարցում։

Հատկանշանական է, որ սիրիական հակամարտության ընթացքում ԱՄՆ-ն Գոլանի բարձունքները ճանաչեց որպես Իսրայելի տարածքային ամբողջականության մաս։ Նախկինում Սիրիայի մաս կազմող Գոլանի բարձունքները ռազմավարական նշանակություն ունեցող աշխարհագրություն ունեն։ Բարձունքները Իսրայելին ապահովում են ամուր պաշտպանողական-հարձակողական դիրքով և դիտակետով, որը հնարավորություն է տալիս սահմանի երկայնքով հետևել ցանկացած տեղաշարժերի։ Եթե Գոլանի բարձունքները հայտնվեն Սիրիայի վերահսկողության ներքո, ապա դա կլինի Իրսայելին նայող կարևոր ռազմավարական բարձունք Սիրիայի ձեռքերում։ Ըստ Իսրայելի` Գոլանի բարձունքները ապահովում են Իրանի ու Հեզբոլայի դեմ պաշտպանության հարցում։

Ինչպես ԱՄՆ-ն, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունը պնդում է, որ Սիրիայում իր ներգրավվածությունը պայմանավորված է ահաբեկչության դեմ տարվող պայքարով։ Ինչպես նշում էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, «Սիրիայի պաշտոնական իշխանության տապալումը միայն կմոբիլիզացնի ահաբեկիչներին։ Իսկ հիմա սիրիական իշխանություններին թուլացնելու փոխարեն, անհրաժեշտ է վերակենդանանցնել և ամրացնել պետական ինստիտուտները հակամարտության գոտում»։ Ռուսաստանի աջակցությունը Սիրիային հատկապես մեծացավ Արաբական գարնան իրադարձություններից հետո։ 2011թ․ Լիբիայի երկարամյա առաջնորդ Մուամմար ալ-Քադաֆի տապալումը Ռուսաստանը դիտարկեց, որպես իր ազդեցության նվազում Արաբական աշխարհում, քանի որ վերջինիս հետ ուներ բազմամյա համագործակցություն։ Քադաֆին հարյուրավոր միլիոն դոլարների զենք էր ձեռք բերում Ռուսաստանից։ Նրա տապալումից հետո Մոսկվայի միակ դաշնակիցը տարածաշրջանում մնաց Սիրիան և Ասսադը, ով նույնպես ռուսական զենքի և զինամթերքի խոշոր սպառող է։ Մոսկվայի համար սկզբունքային նշանակություն ունի, որպեսզի Սիրիայում իշխանափոխությունը տեղի չունենա արտաքին ուժերի կողմից և Սիրիան պահպանի իր տարածքային ամբողջականությունը։ Սիրիական պատերազմը Սառը պատերազմից հետո Ռուսաստանի ներգրավվածությամբ առաջին հակամարտությունն էր հետխորհրդային տարածաշրջանից դուրս։ Միաժամանակ, այս պատերազմը ռուսական ռազմական տեխնիկան և ռազմական հնարավորությունները փորձարկելու և ցուցադրելու թատերաբեմ դարձավ, որը ռուսական զորքին պատերազմական գործողությունների փորձ փոխանցեց, ինչպես նաև հնարավորություն՝ ցույց տալու աշխարհին, որ Ռուսաստանը ժամանակակից հզոր ռազմական ուժ է իրենից ներկայացնում։

Սիրիական պատերազմում ներգրավվածությունը Ռուսաստանը բացատրում է ծայրահեղական իսլամիստներին պարտության մատնելու իր ցանկությամբ, որոնք հնարավոր է նաև տարածվեն Ռուսաստանի հարևան երկրներ՝ ընդհուպ հասնելով մինչև ռուսական սահման։ Խնդիրը նաև այն է, որ «ԻՊ»-մարտիկների մեջ բավականին մեծ թիվ են կազմում ինչպես հետխորհրդային պետությունների այնպես էլ Ռուսաստանի դաշնության քաղաքացիները։ Սակայն, ի տարբերություն Վաշինգտոնի՝ որը տարբերություն է դնում «ԻՊ» և այլ հակա-Ասսադական ուժերի միջև, Մոսկվան այդ տարբերությունը չի դնում և ամբողջապես աջակցում է Ասսադի իշխանությանը։ Ահաբեկիչների դեմ պայքարից զատ, Ռուսաստանը Սիրիայում իր ներկայության լեգիտիմությունը հիմնավորում է այն հանգամանքով, որ հենց Սիրիայի պաշտոնական իշխանություններն են իրենց դիմել հակամարտությանը ներգրավվելու և գործուն աջակցություն ցուցաբերելու խնդրանքով, ի տարբերություն բոլոր այն պետությունների, որոնք ապօրինի են գտնվում Սիրիայի տարածքում։

Սիրիական հակամարտության 8 տարիների ընթացքում Սիրիան և Ռուսաստանը ամուր ռազմատնտեսական կապեր են զարգացրել։ Մասնավորապես՝ Սիրիական կառավարությունը ռուսական «Գազպրոմ» և «Լուկօյլ» ընկերություններին հրավիրել է վերակառուցելու և զարգացնելու ենթակառուցվածքները՝ նավթամուղերն ու գազամուղերը։ Պատերազմը սկսվելուց հետո առևտրի, էներգետիկայի ոլորտներում համագործակցելու համար միլիարդավոր դոլարների պայմանագրեր են կնքվել Ռուսաստանի և Սիրիայի միջև, իսկ 2016թ․ խորհրդարանը օրենք ընդունեց, որով ռուսական ընկերությունները պետք է կառավարեին սիրիական էներգետիկ ոլորտը։

Չնայած այս սերտ տնտեսական հարաբերություններին՝ Սիրիայի իշխանությունների նկատմամբ կիրառված պատժամիջոցները զգալիորեն ազդում են Սիրիայում ռուսական և իրանական ներդրումների վրա։ Ռուսաստանի և Իրանի վրա ամերիկյան ճնշումն ուժգնացավ, երբ ԱՄՆ Կոնգրեսն ընդունեց «Caesar Syria Civilian Protection Act» օրենքը, որով թույլատրում էր ԱՄՆ վարչակազմին պատժամիջոցներ կիրառել օտարերկրյա կազմակերպությունների նկատմամբ, որոնք ֆինանսավորում կամ առևտուր են անում սիրիական կառավարության հետ։ Քանի որ իրանական ընկերությունների նկատմամբ առանց այն էլ կիրառվում են խիստ պատժամիջոցներ, հետևաբար հավելյալ պատժամիջոցները չեն կարող չազդել սիրիական շուկաների հետ նրանց համագործակցության վրա։


ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների էսկալացիան Սիրիայում

Թուրքական ուժերը, սկսած 2016թ․ վերահսկում են Սիրիայի հյուսիային շրջանները՝ իրենց հիմնական նպատակը համարելով «Քրդական աշխատավորական կուսակցության (PKK)» հետ փոխկաակցված «Քուրդ ժողովրդի պաշտպանության ջոկատների (YPG)» կողմից Սիրիայի հյուսիային հատվածում՝ Թուրքիայի հետ սահմանին ինքնավար շրջանի ստեղծումը։ Թուրքիան «YPG»-ին և վերջինիս գործընկեր և «PYD»-ին Թուրքիայի անվտանգության առաջնային սպառնալիք է համարում, քանի որ ըստ թուրքական կողմի, «YPG»-ն և «PYD»-ն աջակցում են Թուրքիայում գործող «PKK»-ին։ Թուրքիան «YPG»-ին համարում է նույնանման ահաբեկչական կառույց, ինչ «ԻՊ»-ն է։ Ոչ Թուրքիան, ոչ Սիրիան չեն ցանկանում ունենալ քրդական պետություն իրենց երկրների տարածքում։ «YPG/PYD»-ն Սիրիայի դեմոկրատական ուժերի (SDF) մաս են կազմում, որոնք դարձան ԱՄՆ գլխավոր ցամաքային գործընկերները՝ Իսլամական պետության դեմ պայքարում ։ Իրավիճակը սրվեց հատկապես այն ժամանակ, երբ Թրամփը հայտարարեց Սիրիայից ԱՄՆ զորքերի դուրս բերման մասին, մասնավորապես նշելով, որ․ «Ենթադրվում էր, որ ԱՄՆ Սիրիայում կմնա 30 օր, և դա տարիներ առաջ էր։ Մենք մնացինք և ավելի ու ավելի ներքաշվեցինք պատերազմի մեջ առանց տեսանելի նպատակի»։ Չնայած ամերիկյան զորքերի Սիրիայից դուրս գալու որոշմանը, այնուամենայնիվ, ԱՄՆ Պաշտպանության քարտուղար Մարկ Էսպերի պնդմամբ որոշակի զորք կմնա Սիրիայում՝ պաշտպանելու նավթահորերը, որպեսզի այդ ռեսուրսները ապագայում չհայտնվեն «ԻՊ»-ի ձեռքում։ Այս առաքելությունը նաև իրենից ենթադրում է ռուսական և սիրիական կառավարական ուժերին այդ ռեսուրսների հասանելիությությունից զրկելը։ Պաշտպանության քարտուղարը նաև նշել է, որ Սիրիայի դեմոկրատական ուժերին անհրաժեշտ են այդ նավթահորերից ստացվող եկամուտները՝ ֆինանսավորելու իրենց մարտիկներին, ներառյալ ազատազրկման վայրերի պահակախմբերին, որտեղ պահվում են «ԻՊ» մարտիկները։

Հատկանշական է, որ Թրամփի՝ զորքերը դուրս հանելու հայտարարությանը նախորդել էր Թուրքիայի նախագահ Էրողանի հետ հեռախոսազրույցը՝ մանավանդ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամերիկյան զորքերի դուրս բերման Թրամփի 2018թ․ հայտարարությանը նույնպես նախորդել էր Էրդողանի հետ նրա ունեցած հեռախոսազրույցը: Դա մի քայլ էր, որը փաստացիորեն ճանապարհ հարթեց Թուրքիայի կողմից Սիրիայում քրդական ուժերի նկատմամբ ոտնձգության համար։ Անմիջապես դրան հետևեց Թուրքիայի «Խաղաղության աղբյուր» օպերացիան Սիրիայի հյուսիս արևելքում՝ Թուրքիայում գտնվող 3․6 միլիոն սիրիացի փախստականների համար անվտանգ գոտի ստեղծելու պատրվակով։ Այս քայլին Թրամփը նույնպես արձագանքեց, սպառնալով «լիովին ոչնչացնել և վերացնել» թուրքական տնտեսությունը, եթե Թուրքիան իրականացնի քայլեր, որոնք նա կհամարի «չափն անցնող» գործողություններ: Ավելի ուշ հայտարարվեց Թուրքիայի նկատմամբ կիրառվելիք պատժամիջոցների մասին։

Իրավիճակի հետագա սրումը կանխարգելելու նպատակով ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը և պետքարտուղար Մայք Պոմպեոն ժամանեցին Թուրքիա։ Շուրջ 9 ժամ տևած բանակցություններից և քննարկումներից հետո փոխնախագահը հայտարարեց զինադադարի մասին։ Զինադադարը պետք է տևեր 5 օր, որի ընթացքում քրդական ուժերը պետք է ետ քաշվեին, իսկ Թուրքիան անարգել ներխուժեր սահմանակից տարածքներ բուֆերային տարածք ձևավորելու նպատակով։ Համաձայն պայմանավորավածության՝ «Խաղաղության աղբյուր» օպերացիան այս ամբողջ ընթացքում պետք է դադարեր և իր տրամաբանական ավարտին հասներ միայն քրդերի դուրս գալուց հետո։ Փենսը նաև հայտարարեց, որ երկու կողմերի միջև անվտանգության գոտի կստեղծվի։ Պայմանավորվածության ձեռքբերումից հետո Թրամփը չեղարկեց հոկտեմբերի 14-ին Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու իր հրամանի նախագիծը։ Սրան հետևեց Սոչիում տեղի ունեցած Թուրքիայի ու Ռուսաստանի նախագահների միջև ավելի քան 6 ժամ տևած հանդիպումը։ Բանակցությունների արդյունքում կողմերը համաձայնության եկան 10 հիմնական կետերի շուրջ։ Թուրքիայի նախագահ Էրդողանն ասաց, որ համաձայնություն է ձեռք բերվել Ռուսաստանի հետ, որ քուրդ զինյալները պետք է դուրս բերվեն Թուրքիայի կողմից ղեկավարվող Սիրիայի հարավ-արևելքում գտնվող անվտանգային գոտուց 150 ժամվա ընթացքում, որից հետո Մոսկվան և Անկարան համատեղ պարետային վերահսկողություն կիրականացնեն այդ տարածքներում։ Ըստ որոշ գնահատականների՝ ռուս-թուրքական գործարքը նվազեցրեց ԱՄՆ-ի ազդեցությունը Սիրիայում։ Ամերիկյան զորքերի Սիրիայից դուրսբերման Թրամփի հայտարարությունից հետո Ռուսաստանն եկավ լրացնելու այդ բացը։

Հոկտեմբերի 27-ին Դոնալդ Թրամփը հայտարարեց Իսլամական Պետության հիմնադիր և առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադիի ոչնչացման մասին, իսկ հոկտեմբերի 29-ին արդեն հայտնի դարձավ Աբու Բաքր ալ Բաղդադիի պոտենցիալ իրավահաջորդի ոչնչացման մասին։ Բաղդադիի ոչընչացումը հաղթանակ էր Թրամփի և նրա ազգային անվտանգության ամբողջ թիմի համար, ովքեր տարիներ շարունակ պայքարել էին աշխարհի թիվ մեկ ահաբեկչին հայտնաբերոլու և ոչնչացնոլու համար։ Ըստ ամերիկյան մի բարձրաստիճան պաշտոնյայի՝ Թուրքիան առանձնապես աջակցություն չի ցուցաբերել այս օպերացիայի իրականացման համար, թեև Բաղդադին թաքնվում էր Թուրքիայի սահմանին բավականին մոտ։ Սա նաև անձնական հաղթանակ էր Թրամփի համար, քանի որ իր իրավանախորդ և քաղաքական մրցակից Օբամայի վարչակազմին հաջողվել էր ոչնչացնել մեկ այլ ահաբեկչական խմբավորման առաջնորդ՝ Օսամա Բին Լադենին։

Սիրիայում ստեղծված և երկար տարիներ շարունակվող լարված իրավիճակը կարծես որոշակի հանդարտություն է ձեռք բերում։ Հակամարտող համարյա բոլոր կողմերի համար, բացառությամբ քրդերի, ովքեր տարիների պայքարից հետո շոշափելի արդյունք չստացան՝ ավելի քան 11․000 զոհ կրելով «ԻՊ» դեմ պայքարում և ջարդերի ենթարկելով Սիրիայում Թուրքիայի իրականացրած օպերացիաների ընացքում։ Ռուսաստանը հասավ իր նպատակին՝ այն էր, թույլ չտալ Սիրիայում Ասսադի տապալումը՝ արտաքին ուժերի ազդեցությամբ և պահպանել Սիրիայի տարածքային ամբողջականությունը։ Բնականաբար նույն առաջնահերթությունն ուներ նաև ինքը՝ Ասսադը, ինչպես նաև նրա մեկ այլ դաշնակից Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Ավելին՝ Իրանի համար սկզբունքային նշանակություն ուներ Սիրիայի տարածքում քրդական պետության չստեղծումը, ինչպես նաև ԱՄՆ-ի և Իսրայելի ներգրավվածության մինիմալիզացումը։ Թուրքիան ստացավ իր համար նախընտրելի և իր սահմանների երկայնքով ձգվող անվտանգության գոտին (համենայն դեպս հիմնական հատվածը), որտեղ կտեղափոխի իր համար լոյալ և Թուրքիայում ապաստան գտած սիրիացի փախստականներին, որոնք հիմնականում էթնիկ թուրքեր են։ Թուրքիայի համար նույնպես կենսական նշանակություն ուներ քրդական պետության ստեղծելու ցանկացած փորձի կանխումն ու ձախողումը։
Ինչ վերաբերում է ամերիկյան կողմին, ապա Թրամփը ոչ միայն դուրս է բերում ԱՄՆ զորքերը Սիրիայից, ինչի անհրաժեշտության մասին բազմիցս նշել էր, այլև միանձնյա հաղթանակ է տոնում «ԻՊ» նկատմամբ, ինչն էլ սիրիական հակամարտությանը ԱՄՆ ներգրավվման հայտարարված հիմնական նպատակն էր։ Միաժամանակ, Թրամփը դիվանագիտական հաղթանակ է համարում այն, որ կարողացավ օժանդակել քրդերի և Թուրքերի միջև պայմանավորվածության ձեռքբերմանը և քրդերը լքեցին Թուրքիայի սահմանակից շրջանները առանց լուրջ մարդկային կորուստների։ Ըստ Թրամփի՝ միայն իր վարչակազմի հետևողական ջանքերի շնորհիվ է, որ քրդերը միլիոնավոր մարդկային կորուստներից կարողացան խուսափել, ուղիղ չգնալով ռազմական բախման Թուրքիայի հետ։