Անգլուխ Մայք՝ լեգենդար աքլոր, ում գլուխը կացինով կտրելուց հետո վերջինս ապրեց 1.5 տարի. ինչպե՞ս է նման բան հնարավոր (Photo)


15:30 , 5 դեկտեմբեր, 2019

Թվում է, թե մարդն այլևս դադարել է որևէ բանից զարմանալ ու հասկացել է, որ այս աշխարհում ամեն բան հնարավոր է, սակայն ամեն օր մենք բացահայտում ենք նոր պատմություններ, որոնք ավելի զարմանալի են դառնում, քան նախորդները։ Պարզվում է՝ աշխարհում ապրել է մի աքլոր, որը կարողացել է առանց գլխի գոյատևել 1 ու կես տարի, ու սա հորինված պատմություն չէ, այն իրականություն է, ու մենք առաջարկում ենք այս պատմությանը ծանոթանալ հենց ամենասկզբից։ 

Ամեն ինչ սկսվեց ԱՄՆ Կոլորադո նահանգի Ֆրուիտա քաղաքում, որտեղ ապրում էր Օլսենների համերաշխ ընտանիքը։ Մի օր Լոյս Օսլենի կինը նրան ուղարկեց հավաբուն՝ հարմար աքլոր գտնելու ու գլխատելու համար, որպեսզի կինը կարողանա համեղ ընթրիք պատրաստել․ մայրը իրենց հյուր էր գալու։ Լոյսը ջանասիրաբար շտապեց հավաբուն ու գտավ իրենց վաղեմի աքլորին՝ որոշելով, որ հենց նրա գլուխն է ինքը կտրելու պարանոցից։ 

Ամեն բան կարծես թե լավ էր ընթանում, Լոյսն արդեն իր ձեռքն էր առել կացինը, երբ հիշեց, որ զոքանչը շատ է սիրում աքլորի վզի հատվածն ու որոշեց այնպես կտրել գլուխը, որ վիզը գոնե ամբողջությամբ պահպանվի։ Կտրելուց հետո Լոյսը նկատեց, որ աքլորը ոչ միայն չարյունահոսեց ու չսատկեց, այլ նաև ոտքի կանգնեց ու սկսեց վազվզել։ Սա նրան վախեցրեց, ու նա մտածեց, որ աքլորը գոնե մինչև առավոտ այլևս ողջ չի լինի։ 

Օսլենների ընտանիքը պառկեց քնելու, սակայն հաջորդ օրը նրանք նկատեցին, որ աքլորը շարունակում է ապրել իր բնականոն կյանքով, վազվզում է, թևերն է թափահարում ու զբոսնում է իրենց հավաբնի այլ հավերի ու աքլորների հետ։ Սա իրոք շոկային էր, և Լոյսը չգիտեր ինչ անել, սակայն նա որոշեց, որ եթե աքլորը չի սատկել նման փորձությունից հետո, ապա նա արժանի է, որ մնա ու ապրի իրենց մոտ։ Աքլորին անվանեցին Մայք, ու Մայքի փառքը հենց այդ օրվանից սկսվեց։ 

Ամեն բան ուղղակի այս ընտանիքով չավարտվեց։ Շուտով Մայքը հայտնվեց հետազոտողների ուշադրության կենտրոնում, ովքեր սկսեցին բացահայտել Մայքի առեղծվածը։ Նրանք նշեցին, որ Մայքի քներակը կացնահարվելու ընթացքում չի վնասվել, ավելին՝ նրա ականջի մի փոքր հատված ու գլխուղեղի մի փոքր հատված ևս պահպանվել են, ու ինչ-որ հրաշքով նա այժմ կարողանում է դրանց շնորհիվ ապրել։ Մի շարք հայտնի ամսագրեր անդրադարձան Մայքի դեպքին, ու Օսլենները սկսեցին բավական գումար վաստակել աքլորի կյանքի հաշվին։ Շատերն էին գումար վճարում հայտնի աքլորին տեսնելու, նրան գոնե մեկ անգամ շոյելու համար։ 

Մայքն իր տիրոջ հետ սկսեց ճանապարհորդել ԱՄՆ-ի նահանգներում։ Նրանք այցելում էին տարբեր վայրեր միասին, որպեսզի ցույց տան, թե ինչքան զարմանալի կարող է լինել աշխարհը։ Քանի որ Մայքը չէր կարողանում ուտել, ջուր խմել, նրան սնում էին հատուկ կաթոցիչի միջոցով։ Հյուրանոցներից մեկում Մայքն ու Լոյսը պատրաստվում էին քնել, երբ Մայքը սկսեց խեղդվել։ Լոյսն այդպես էլ չգտավ այն կաթոցիչը, որով նրա կոկորդը մաքրում էր։ Մայքը 1.5 տարի առանց գլխի ապրելուց հետո այդ օրը մահացավ։ 

Նրա մահից հետո շատերը փորձեցին կրկնել Մայքի տիրոջ արածն ու նոր Մայք ստեղծել։ Արդյունքում բազմաթիվ հավեր ու աքլորներ գլխատվեցին, սակայն Մայքը մնաց միակն ու անկրկնելին։ Մայքի արձանն այժմ կանգնեցված է իրենց քաղաքում և նա գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում որպես կյանքի համար մինչև վերջ պայքարող խիզախ աքլոր։