Այս՝ նախորդներին դատելու պատմությունն էլ լավ բան չի խոստանում. չի կարելի գալ ու կտրել այն ծառը, որին դու նստել ես, պետականության ծառը


01:40 , 5 դեկտեմբեր, 2019

Սերժ Սարգսյանը սխալներ շատ ուներ, բայց մի գեղեցիկ բան արեց, երբ իշխանությունը հանձնեց քայլարածներին։ Նա գնաց, մտածեց, հարցրեց իր քաղաքական թիմի կարծիքն ու հրաժարական ստորագրեց, որը սկսվում էր հետևյալ նախադասությամբ․ «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի»։

Այս մի փոքրիկ նախադասությունը, այն, որ նա Նիկոլ Փաշինյանին ճիշտ հայտարարեց՝ լեգիտիմացրեց, օրինականացրեց հեղափոխական կոչվողների իշխանությունը։ Բավական էր, որ նա չարտասաներ այդ նախադաության առաջին մասն անգամ, և Ռուսաստանը Հայաստանին կվերաբերվեր այնպես, ինչպես նա վերաբերվեց Ուկրաինային Յանուկովիչի տրամագծորեն հակառակ պահվածքի պատճառով։ Մինչև այսօր Ռուսաստանը ուկրաինական իշխանությունների ծագումաբանությունը հանգեցնում է ապօրինի փողոցային բունտին ու կոպիտ իշխանափոխությանը։

Այո, Սերժ Սարգսյանը թույլ գտնվեց, սակայն խոհեմ և իմաստուն, և այդ թուլության ու իմաստության գնահատականն է տալիս սուպերվարչապետը, երբ մեղադրանք են ներկայացնում նախորդ սուպերվարչապետին։ Այս՝ նախորդներին դատելու պատմությունն էլ լավ բան չի խոստանում։ Չի կարելի գալ ու կտրել այն ծառը, որին դու նստել ես, պետականության ծառը։ Չի կարելի, որովհետև քեզ հետ քեզ պես են վերաբերվելու, իսկ մեր ժողովուրդը այդ հարաճուն վրեժխնդրության կարիքը չուներ։

Իսկ ընդհանրապես, մեր երկրում խեղկատակության շքերթ է ընթանում, և այսօրվա երկնաքեր թիմը անարդարացիորեն, ատամներով, մինչև վերջ պահում է իր խեղկատակներին, մինչդեռ շատերից վաղուց հարկավոր էր ազատվել։

Հ․ Գ․ Եթե Երևանի քաղաքապետն իրեն պահեր որպես ժողովրդի ծառա կամ որպես վերջինիս կողմից վարձված մի պաշտոնյա, ով պարտավոր է գործել առնվազն այդ ժողովրդի ու մարդու կամ իր ընտրողի ու պետությանը հարկ վճարողի բարօրության համար, ապա համեստ կնստեր, կլսեր Ծառուկյանի մարդկանց, ու վեր կկենար տեղից լոկ այն ժամանակ, երբ ներքուստ վստահ կլիներ, որ հյուրերը որոշել են դրամը թողնել Հայաստանում։ Մնացածը դեմագոգիա է։