Արայիկ Հարությունյանը՝ իր տեղակալին կաշառք ստանալու կասկածանքով բերման ենթարկելու մասին


20:02 , 4 դեկտեմբեր, 2019

168.am-ը գրում է.

Խոշոր չափի կաշառք ստանալու կասկածանքով բերման է ենթարկվել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը։ Անդրադառնալով տեղակալին կաշառք ստանալու մեջ կասկածելուն՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ այս պահին մանրամասների մասին չի խոսի, քանի որ տեղի է ունենում իրավական գործընթաց:

«Պարզապես կասեմ, որ մեր քաղաքական թիմը հավատարիմ է իր հանձնառությանը, և կաշառքի դրսևորման ցանկացած ձև պետք է պատժվի։ Չասենք, որ ամեն ինչ փաստ է՝ ելնելով անմեղության կանխավարկածից։ Ֆիքսենք, որ առայժմ մանրամասներ չկան, և երբ քննչական մարմինները՝ որպես փաստ, արձանագրեն այն, ինչ տեղի է ունեցել, այն ժամանակ կխոսենք կոնկրետ անձանց մասին»,- ասաց Արայիկ Հարությունյանը։

Հարցին՝ գո՞հ է եղել Լոռեցյանի աշխատանքից, նա պատասխանեց, որ մեկնաբանություններ անելուց այս պահին կխուսափի։