Ադամանդների աշխարհում «կատարյալ փոթորիկ» է տեղի ունեցել


22:00 , 4 դեկտեմբեր, 2019

2019-ի արդյունքներով, Alrosa-ի և De Beers-ի ալմաստների վաճառքը կնվազի համապատասխանաբար 25 և 31 տոկոսով: Այս մասին գրել է «Վեդոմոստի» պարբերականը՝ հղում անելով VTB Capital-ի վերլուծաբաններին:

Վաճառքի անկումը պայմանավորված է խոշոր շուկաներում պահանջարկի նվազմամբ՝ Չինաստանում և ԱՄՆ-ում, որոնց բաժին է հասնում ադամանդի համաշխարհային սպառման ավելի քան 70 տոկոսը: Երկրորդ պատճառը մանրածախ առևտրի ոլորտում ոսկերչական զարդերի ավելցուկային կուտակումն է:

Շուկայի վրա բացասաբար է անդրադարձել ադամանդի հղկման ոլորտի ֆինանսավորման կրճատումը Հնդկաստանում. այս պետությանը բաժին է հասնում ոլորտի, համաշխարհային կտրվածքով, 90 տոկոսը:

Նշվում է, որ 2019 թվականին, միանգամից մի քանի գործոնների համընկնելու արդյունքում, ադամանդի շուկայում «կատարյալ փոթորիկ» է տեղի ունեցել: Բանն այն է, որ 2010-ից մինչև 2019 թվականը ադամանդե զարդերի պահանջարկը կայուն կերպով աճել է: Մանրածախ առևտրով զբաղվողները ենթադրել են, որ 2019 թվականին պահանջարկը կշարունակի աճել և ըստ դրա պաշարներ են ձևավորել: Սակայն, շուկան չի բավարարել սպասումները ԱՄՆ-Չինաստան առևտրային պատերազմի, աշխարհի առաջատար տնտեսություններում անկման ռիսկերի, յուանի դեվալվացիայի և Հոնկոնգում բողոքի ակցիաների ֆոնին: