Միլիարդատիրոջ կենցաղը. Մարկ Ցուկերբերգը ցույց է տվել իր տունն ու պատմել ընտանիքի մասին (Video)


16:00 , 4 դեկտեմբեր, 2019

Facebook սոցկայքի համահիմնադիր և ղեկավար Մարկ Ցուկերբերգն իր կնոջ՝ Պրիսցիլա Չանի հետ հանրության առջև բացել է իրենց գեղեցիկ առանձնատան դռներն ու ցույց տվել, թե որտեղ են ապրում: Ամուսինները դա արել են CBS This Morning հաղորդմանը տված բացառիկ հարցազրույցի շրջանակում:

Կալիֆոռնիայում գտնվող տան տարբեր անկյունները ցույց տալուց բացի՝ նրանք նաև պատմել են ՝ ինչպես են ամուր պահում ընտանիքն ու ինչ սկզբունքներով են դաստիարակում երկու դուստրերին:

Նշվում է, որ Ցուկերբերգի առանձնատունը գտնվում է Պալո Ալտոյում ու արժե 7 մլն դոլար:

Ամուսինները հարցազրույցի մեծ մասն անցկացրել են ընդարձակ ու հարմարավետ խոհանոցում, որտեղ երեխաների հետ թխվածքաբլիթ են պատրաստել ու զրուցել անկաշկանդ միջավայրում:

Նրանք խոստովանել են, որ յուրաքանչյուր շաբաթ պարտադիր ժամադրություն են ունենում երկուսով՝ մի կողմ թողնելով աշխատանքային խնդիրներն ու հոգսերը:

Ինչ վերաբերում է դուստրերի դաստիարակությանը, ապա ամուսինների խոսքով՝ իրենք բավական խիստ են, պահանջում են կարգապահություն և առհասարակ երես չեն տալիս նրանց: Նրանք երեխաներին սովորեցնում են գնահատել ծանր աշխատանքի արժեքը:

«Նախևառաջ, մենք նրանց ամեն ինչ չենք տալիս, ինչը, իմ կարծիքով, շատ կարևոր է: Բացի այդ՝ նրանք ունեն իրենց պարտականությունները: Մենք նրանք առաջադրանքներ ենք հանձնարարում ու մեզ հետ երբեմն աշխատանքի ենք տանում»,- պատմել է Ցուկերբերգը: Նրա համոզմամբ՝ շատ կարևոր է, որ երեխաները տեսնեն՝ ինչ աշխատանքով են զբաղված ծնողները: