Վերցվել են մարտական դիրքի տեսախցիկների տեսագրությունները, կվերծանվեն նաև Արթուր Աջամյանի բջջային հեռախոսի միացումները. ՔԿ


15:21 , 4 դեկտեմբեր, 2019

ՀՀ քննչական կոմիտեն նոր մանրամասներ է ներկայացել զինծառայող Արթուր Աջամյանի մահվան դեպքի վերաբերյալ։

«2019թ. դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմաններում, ՊԲ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող Արթուր Իշխանի Աջամյանի մահացու հրազենային վիրավորում ստանալու, իսկ պարտադիր ժամկետային զինծառայող Դավիթ Հարությունի Մելիքբեկյանի հրազենային վիրավորումներ ստանալու դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով /երկու կամ ավելի անձանց սպանության փորձ/ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Քրեական գործով կատարվել են մի շարք անհետաձգելի և անհրաժեշտ քննչական գործողություններ՝ կատարվել է դեպքի վայրի զննություն, դիակի արտաքին զննում, նշանակվել են դիակի, ինչպես նաև` Դ.Մելիքբեկյանի վերաբերյալ դատաբժշկական փորձաքննություններ, մի շարք զինծառայողներ հարցաքննվել են որպես վկա, տուժող Ա.Աջամյանի պապը՝ Խատիֆ Աջամյանը,  ճանաչվել է տուժողի իրավահաջորդ և հարցաքննվել, փաստաբան Հայարփի Սարգսյանը և Խաչատուր Ստեփանյանը ճանաչվել են տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ և մասնակցել են դիակի դատաբժշկական փորձաքննությանը, վերցվել են մարտական դիրքի տեսախցիկների տեսագրությունները, միջնորդություններ են հարուցվել դատարան՝ Ա.Աջամյանի հեռախոսային միացումների վերծանման և նրա բջջային հեռախոսը զննելու վերաբերյալ, նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է»,- նշված է ՔԿ տարածած հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը, իսկ զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել է:

Նշենք նաև, որ ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն անդրադառնալով դեպքին, ասել էր. «Ի պաշտոնե այն տեղեկությունները, որ ինձ հայտնի են, ես չեմ կարող հիմա հրապարակել, որովհետև դրա իրավասությունը չունեմ։ Մամուլում հրապարակումներ են լինում, որոնք չեն համապատասխանում իրականությանը»։

Գ. Բալայանն ասել էր նաև, որ առաջին րոպեից սկսած՝ իրավասու բոլոր մարմիններն ու ստորաբաժանումներն աշխատում են։