Կոչ ենք անում բոլոր հայակենտրոն ուժերին՝ թույլ չտալ օտարածին օրակարգեր սպասարկողներին թուլացնել մեր պաշտպանունակությունը. «Ազգային օրակարգ»-ի հայտարարությունը՝ ԿԳՄՍՆ-ի քաղաքականության մասին


14:27 , 4 դեկտեմբեր, 2019

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը հայտարարությամբ անդրադարձել է ՀՀ կառավարության կողմից կրթության և մշակույթի ոլորտներում իրականացվող քաղաքականությանը:

Այն ներկայացնում ենք ստորև.

«ՀՀ կառավարության կողմից կրթության և մշակույթի ոլորտներում իրականացվող հակասական ու ազգային արժեքները պարբերաբար թիրախավորող քաղաքականությունը մեր հասարակության լայն շերտերում արդարացի դժգոհություն է առաջացրել։

Իրավիճակը հարգալից երկխոսությամբ հանգուցալուծելու փոխարեն իշխանությունն ընտրել է ոստիկանական պատնեշի հետևում թաքնվելու արատավոր գործելակերպը։

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդն իր վրդովմունք է հայտնում կուտակված հանրային մտահոգությունները ուժային միջոցներով լռեցնելու իշխանության անհեռանկար փորձերի վերաբերյալ։

Կոչ ենք անում բոլոր հայակենտրոն ուժերին ձևավորել ազգային համերաշխության միջավայր, թույլ չտալ իշխանության մեջ հայտնված և օտարածին օրակարգեր սպասարկող տարրերին հայկական արժեհամակարգի ոտնահարմամբ թուլացնելու մեր ընդհանրական դիմադրողականությունն ու պաշտպանունակությունը և ձևավորել իրական ազգային շահերից բխող օրակարգ»։