Հովհ. Թումանյան, «Հոգեհանգիստ»


16:37 , 7 հուլիս, 2013

1915Ու վեր կացա ես, որ մեր հայրենի օրենքովը հին՝

Վերջին հանգիստը կարդամ իմ ազգի անբախտ զոհերին,

Որ շեն ու քաղաք, որ սար ու հովիտ, ծովից մինչև ծով

Մարած են, մեռած, փըռված ու ցըրված հազար հազարով…

Ու կըրակ առա հայոց հրդեհի կարմիր բոցերից,

Էն խաղաղ ու պաղ երկնքի ծոցում վառեցի նորից
Մասիսն ու Արան, Սիփանն ու Սըրմանց, Նեմրութ, Թանդուրեք,
Հայոց աշխարհքի մեծ կերոնները վառեցի մեկ-մեկ,
Սուրբ Արագածի կանթեղն էլ, ինչպես հեռավոր արև,
Անհաս, աննըվազ, միշտ վառ ու պայծառ, իմ գըլխի վերև…

Կանգնեցի խոժոռ, մենակ ու հաստատ, Մասիսի նըման,
Կանչեցի թըշվառ էն հոգիներին՝ ցըրված հավիտյան
Մինչև Միջագետք, մինչև Ասորիք, մինչև Ծովն հայոց,
Մինչև Հելլեսպոնտ, մինչև Պոնտոսի ափերն ալեկոծ։
— Հանգե՜ք, իմ որբե՜ր… իզո՜ւր են հուզմունք, իզո՜ւր և անշահ…
Մարդակեր գազան՝ մարդը՝ դեռ երկար էսպես կըմնա…

Աջիցըս Եփրատ, ձախիցըս Տիգրիս՝ ահեղ ձեներով,
Սաղմոս կարդալով՝ անցան, գընացին խոր-խոր ձորերով,
Ամպերն էլ ելան Ձիրավի ձորից, հըսկա բուրվառից,
Ճանապարհ ընկան ծաղկանց սարերից, Հայկական պարից,
Բույլ-բույլ, բուրավետ, շարժվեցին դեպի կողմերը հեռու,
Գոհար ցողելու, ծաղկունք բուրելու, բուրմունք խընկելու
Մինչև Միջագետք, մինչև Ասորիք, մինչև Ծովն հայոց,
Մինչև Հելլեսպոնտ, մինչև Պոնտոսի ափերն ալեկոծ…
— Հանգե՜ք, իմ որբեր… իզո՜ւր են հուզմունք, իզո՜ւր և անշահ…
Մարդակեր գազան՝ մարդը՝ դեռ երկար էսպես կըմնա..

 1915թ.

Դժոխքի հանդեպ

Հո՜ւշ. հասավ օրը՝ վերջի՜ն, ահավո՜ր։
Սըրով ու հըրով բացվում էն էսօր
Հայոց դըժոխքի դըռներն ամրափակ.
Սարսափի պիտի աշխարհքը համակ,

Բայց՝ հո՜ւշ. լռությո՜ւն…մըթին, ահավոր

Երկինք են նայում կըմախքները չոր,

Ու իրենց կարկամ շըրթունքները բաց՝
Խո՜սք են ասելու աշխարհքի դիմաց,

Խոսք, որ չի լըսված դեռևս լուսնի տակ…
Սարսափի պիտի աշխարհ բովանդակ
Եվ մարդն ամաչի գիլից ու շանից
Որ մարդ է ծընվել մարդու նըմանից։

1916թ.

Բարձրից

Իմ բարի սըրտի էն մեծ խոհերից,

Էն մեծ խոհերի անհուն խորերից՝

Կամեցավ՝ ելավ իմ հըզոր հոգին,

Որ բարձրից նայի աստծու աշխարհքին:
Ու պայծառ ցոլաց դեպ վերին այեր՝
Մարդկային ամեն հընարքներից վեր,
Վե՛ր ամեն շուքից և շամանդաղից՝
Մինչև լուսեղեն ոլորտն անթախիծ:
Ու իր հարազատ բարձունքիցը լույս՝
Անչար, անաչառ, անդորր ու անհույզ՝
Պարզ, ամենատես, հայացքովը նա
Ճառագեց ներքև՝ աշխարհքի վըրա:
Տեսավ աշխարհքը՝ գեղեցի՛կ, անվե՛րջ,
Եվ հայրենիքներն անձուկ նըրա մեջ,
Եվ աստվածները նըրանց զանազան,
Եվ սուրբերը խիստ, խըտրող ու դաժան:
Տեսավ՝ ուտում են ամենքն ամենքին.
Ամեն հայրենիք՝ իրեն զավակին,
Եվ իր պաշտողին՝ ամեն մի աստված,
Եվ կյանքը տանջանք, ցավ համատարած:
Ու ոչ մի երկիր չըկա հանգչելու —
Խոր, արարչական հանգիստն անխըռով,
Ու ոչ մի անկյուն չըկա շընչելու
Շունչն աստվածային՝ լի անվերջ սիրով…
Անպատում վըշտով վերըստին նայեց
Իմ էս մեծ սըրտին՝ աշխարհքից էլ մեծ, —
Անսահմա՛ն աշխարհք, և սեր ընդհանուր,
Եվ մարդը ուրախ, և երգ ամենուր…
Ու իջավ նորից էնտեղ հանգչելու —
Խոր, արարչական հանգիստն անխըռով,
Էնտեղ հանգչելու, էնտեղ շընչելու
Էն մեծ խոհերով, էն անվերջ սիրով…

1916թ.

Հայրենիքիս հետ

Վաղուց թեև իմ հայացքը Անհայտին է ու հեռվում
Ու իմ սիրտը իմ մըտքի հետ անհուններն է թափառում,
Բայց կարոտով ամեն անգամ երբ դառնում եմ դեպի քեզ՝
Մըղկըտում է սիրտըս անվերջ քո թառանչից աղեկեզ,

Ու գաղթական զավակներիդ լուռ շարքերից ուժասպառ,
Ե՛վ գյուղերից, և՛ շեներից՝ տըխո՜ւր, դատարկ ու խավար,
Զարկվա՜ծ հայրենիք,
Զըրկվա՜ծ հայրենիք։

Խըռնըվում են մըտքիս հանդեպ բանակները անհամար,

Տըրորում են քո երեսը, քո դաշտերը ծաղկավառ,
Ու ջարդարար ոհմակները աղաղակով վայրենի,
Ավարներով, ավերներով, խընջույքներով արյունի,
Որ դարձըրին քեզ մըշտական սև ու սուգի մի հովիտ,
Խեղճ ու լալկան քո երգերով, հայացքներով անժըպիտ,
Ողբի՜ հայրենիք,
Որբի՜ հայրենիք։

Բայց հին ու նոր քո վերքերով կանգնած ես դու կենդանի,
Կանգնած խոհո՜ւն, խորհըրդավոր ճամփին նորի ու հընի.
Հառաչանքով սըրտի խորքից խոսք ես խոսում աստծու հետ

Ու խորհում ես խորին խորհուրդ տանջանքներում չարաղետ,
Խորհում ես դու էն մեծ խոսքը, որ տի ասես աշխարհքին
Ու պիտ դառնաս էն երկիրը, ուր ձըգտում է մեր հոգին―
Հույսի՜ հայրենիք,
Լույսի՜ հայրենիք։

Ու պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած,
Հազա՜ր-հազար լուսապայծառ հոգիներով ճառագած,
Ու երկնահաս քո բարձունքին, Արարատի սուրբ լանջին,
Կենսաժըպիտ իր շողերը պիտի ժըպտան առաջին,
Ու պոետներ, որ չեն պըղծել իրենց շուրթերն անեծքով,

Պիտի գովեն քո նոր կյանքը նոր երգերով, նոր խոսքով,
Իմ նո՜ր հայրենիք,
Հըզո՜ր հայրենիք․