Անգրագետ հայրենասե՞ր, թե՞ պրոֆեսիոնալ սադրիչ


10:18 , 3 դեկտեմբեր, 2019

«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, իբրև թե վրեժխդիր լինելով ռուսաստանյան Արմավիրի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովի հականժդեհական գործունեության համար, պղծել է Երևանի կենտրոնում գտնվող հայտնի ռուս դրամատուրգ, բանաստեղծ, դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանը։

Առաջին հայացքից այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե երիտասարդն անգրագետ հայրենասեր է, ով, պատկերացում չունենալով Գրիբոյեդովի հայամետ գործունեության մասին, ընդամենը հաշվի առնելով այն, որ վերջինս եղել է կայսերական Ռուսաստանի դիվանագետ, փորձել է այսպիսի անտրամաբանական և էժանագին էպատաժային արարքով նախ «համարժեք» պատասխան տալ ռուսներին՝ Ռուսաստանում ծավալվող հականժդեհական քարոզի համար, իսկ երկրոդն էլ՝ աչքի ընկնել։ Սակայն, երբ դիտում ես երիտասարդի պարզաբանումը, ինչպես նաև հաշվի առնում այն, որ վերջերս Շահենը զրկվեց ԱԺ-ում աշխատանքից, ապա այլ եզրահանգման ես գալիս։

Նախ՝ Շահեն Հարությունյանը բավական լավ տեղյակ էր Գրիբոյեդովի ով լինելուց և միտումնավոր չանդրադարձավ հայտնի դիվանագետի հայամետ և հայանպաստ գործունեությանը։

Երկրորդ՝ Շահեն Հարությունյանի նժդեհամետությունը ճայթեց հենց ԱԺ-ում աշխատանքը կորցնելուց հետո։ Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ հակագրիբոյեդովյան օպերացիան, իսկ ավելի գլոբալ՝ հակառուսական դեմարշը վաղուց էր պլանավորված համապատասխան կազմակերպությունների գրասենյակներում, և երբ ժամանակը եկավ, Շահենը վռնդվեց ԱԺ-ից, որպեսզի սկանդալի մեջ չհայտնվի Հայաստանի օրենսդիր մարմինը, իսկ գործազուրկ դառնալուց հետո էլ, կարմիր ներկը ձեռքին, իբրև թե հայրենասիրական նկրտումներով դրդված, հարձակվեց Երևանում գտնվող ռուս դիվանագետի արձանի վրա։ Պատվիրատուի նպատակն է սեպ խրել առանց այդ էլ ոչ փայլուն հայ-ռուսական հարաբերությունների մեջ՝ էլ ավելի սրելով Հայաստանում ծավալվող հակառուսական հռետորաբանությունը։ Իսկ անգործ երիտասարդն էլ մի կրակոցով մի քանի նապաստակ սպանեց․ քաղաքականապես անգրագետ մասսայի մոտ ավելի թունդ նժդեհականի և հայրենասերի համբավ ձեռք բերեց, գումար աշխատեց և սեփական PR-ն արեց՝ գովազդելով իր հայացքները ապագա պատվիրատուներին։

Հ.Գ. Ամեն դեպքում, Գրիբոյեդովի արձանը պղծելը տգիտության գագաթնակետն էր։ Չեմ զարմանա, եթե որոշ ապուշներ էլ կայսերական Ռուսաստանի դեմ պայքարելու անվան տակ, օրինակ՝ քոքահան անեն Ծիծեռնակաբերդում ռուսաստանցի հայտնի քաղաքական գործիչների կողմից տնկված եղևնիները։ Միայն այդպես են կարող որոշ ռուսաստանցի տգետ քաղաքական գործիչների դեմ պայքարել ոչ պակաս տհաս մեր գործիչները և նրանց գործիքները։