Եկել է արձանների դեմ կռվողների ժամանակը


02:02 , 3 դեկտեմբեր, 2019

Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանը այսօր ենթարկվեց վանդալիզմի, և այն կատարողը հպարտությամբ պատմում է իր «հերոսության» մասին: Շատերի համար սա հայտնի ռուս դրամատուրգի արձան է, բայց լավ կլինի, որ նոր սերունդը իմանա Գրիբոյեդովի դերի մասին, ով, Ներսես Աշտարակեցու հետ խորհրդակցելով, կազմեց հայտնի Թուրքմենչայի պայմանագիրը:

Այդ պայմանագրով այսօրվա Հայաստանի տարածքը Երևանի հետ միասին վերջնականապես ազատագրվեց պարսկական լծից: Գրիբոյեդովը 1827թ․ հունիսին նույնիսկ ծանր վիրավորում է ստացել Երևանի համար մղվող դաժան մարտերում, իսկ այսօր մի լակոտ կարմիր ներկ է լցնում նրա հիշատակին առանց հասկանալու, որ նա ներկ է լցնում հայի համար արյուն տված ռուս դիվանագետի հիշատակի վրա, ինչու չէ, նաև Հայաստանի հեղինակության վրա:

Ի դեպ, Թեհրանում Ռուսաստանի դեսպանատան քարտուղար Գրիբոյեդովի ջանքերով է պարսկական լծից հետո հիմնականում վերաբնակեցվել Արարատյան դաշտավայրը և Երևանը հայերով, և սա ուրանալ ու անարգել նշանակում է ուրանալ սեփական պատմությունը:

Ռուսաստանին վատություն են իբր անում, բայց իրականում սա խայտառակություն և խուլիգանություն է, որի համար պետք է անպայման պատժվեն: Նման լակոտություններով միայն մեզ ենք վատություն անելու: